Եթե գտնեք 1,5 տարվա մի շրջան, որ կառավարությունը ԶՈՒ-ի զարգացման համար ավելի շատ բան է արել, ես կզարմանամ. վարչապետ
«Եթե դուք գտնեք ընդամենը 1,5 տարվա կառավարման մի ժամանակաշրջան, որ Հայաստանի կառավարությունը զինված ուժերի զարգացման հետ կապված ավելի շատ բան է արել, ես շատ կզարմանամ»:
Այս մասին երեկ՝ նոյեմբերի 3-ին, ֆեյսբուքյան իր էջի՝ «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրենց մասին այն խոսակցություններին, թե ոչինչ չի արվում բանակի մարտունակությունը բարձրացնելու համար:
«Եթե դուք գտնեք 1,5 տարվա մի ժամանակաշրջան, որ Հայաստանի կառավարությունը զինված ուժերի զարգացման հետ կապված ավելի շատ բան է արել, ես շատ կզարմանամ:
Օրինակ՝ ի՞նչ է արել մեր կառավարությունը այս ընթացքում՝ մեր բանակի մարտունակությունը բարձրացնելու համար․ պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 միլիարդ դրամ նախորդ տարվա 247,8 միլիարդ դրամի դիմաց: Կառավարությունը 2,1 միլիարդ դրամ հավելյալ, ուշադիր եղեք, հավելյալ միջոցներ է տրամադրել՝ զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար: 2019 թվականի հունիս-օգոստոսին մոտ 5 տոկոսով ավելացել է արևային էներգիայով սնուցվող մարտական դիրքերի քանակը, 5-10 տոկոսով ավելացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ խոցման միջոցների քանակը:
Շփման գծի 5 ուղղություններում բարելավվել են յուրային զորքերի դիրքերը: Առաջնագծում շուրջ 10 տոկոսով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի քանակը»,-ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ հաջորդ՝ 2020 թվականին ռազմաարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով, իսկ ամենակարևորներից մեկը, նրա խոսքով, նաև զինվորներին սննդով ապահովելու նոր համակարգն է, որը բանակի մարտունակության բարձրացման կարևոր գործոն է:
«Մեզ համար հպարտություն է նաև զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, ես հպարտանում եմ այդ որոշման համար, որ, այո՛, այսպիսի շոշափելի աշխատավարձի բարձրացում Զինված ուժերում շատ վաղուց չի եղել»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից 15 տոկոսով ավելի քաղաքացի.
«Ես չեմ կարծում, որ շատ հաճախ է եղել, որ կանխատեսվածից ավելի քաղաքացիներ են զորակոչվում բանակ: Թու-թու-թու, ես հույս ունեմ՝ հետագայում այս ցուցանիշն ավելի կլավանա»: