Հայրապետովն ազատվել է իմ որոշմամբ, բայց սեփական դիմումի համաձայն. վարչապետը՝ հայտնի խոսակցությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի երեկվա ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ նաեւ Պետական պահպանության ծառայության՝ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովի ազատմանը: Նա ասաց, որ բազմաթիվ խոսակցություններ է լսել, ֆեյսբուքյան քննարկումներ է տեսել այն մասին, թե իբր Դուշանբեում Ալիեւն ու Փաշինյանը երբ վերելակով բարձրացել են եւ խոսակցություն են ունեցել, դավադրություն են կազմակերպել, միայն Հայրապետովն է որպես երրորդ մարդ այնտեղ ներկա եղել եւ տեսել, իմացել է դավադրությունների մասին, այդ պատճառով էլ որոշել են Հայրապետովին ազատել աշխատանքից:

«Ուրեմն, ըստ խոսակցությունների, ես էնքան ապաշնորհ դավադիր եմ, էնքան անխելք դավադիր եմ, որ նախ՝ Ալիեւի հետ առաջին իսկ շփման ժամանակ դավադրություն եմ կազմակերպում, եւ երկրորդ՝ դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա եւ Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ: Մարդ, որի հետ ես շփվել եմ 4 ամիս, որն իմ թիկնապահն է եղել 4 ամիս, բայց դրանից առաջ 10 տարի՝ Քոչարյանի, 10 տարի Սարգսյանի թիկնապահն է: Էսքանից հետո, դավադիր պայմանավորվածության վկա լինելու դեպքում ես նրան կաշխատեի ինձ ավելի մոտ պահել, ոչ թե հեռացնել պաշտոնից, որ ազատ մարդ լինի եւ որտեղ ինչ ուզի պատմի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայրապետովն ինքն է ազատման դիմում ներկայացրել, և որ այն կապ չունի վերելակում նրա գտնվելու հանգամանքի հետ։ «Նա աշխատանքից ազատվել է իմ որոշմամբ, սակայն սեփական դիմումով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ նման վարկածները հայտնի է, թե ում կողմից են շրջանառության մեջ դրվում, եւ, ըստ տեղեկությունների, նման քարոզչությունների վրա միլիոններ են ծախսվում:

Ձեզ կհետաքրքրի...