Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի. «Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել փաթեթը»
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «Դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ դրանց հիմնական նպատակն է ապահովել արդյունավետ եւ համալիր իրավական հիմքեր դատավորների բարեվարքության համար հետեւյալ ուղղություններով՝ գույքային դրություն (գույքի օրինականության ստուգում), արհեստավարժություն եւ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն (որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշման կայացում): Հարակից փաթեթով առաջարկվող լուծումները կտարածվեն նաեւ այլ հայտարարատու անձանց բարեվարքության ստուգման գործընթացների վրա:
Դատավորների բարեվարքության գնահատման առաջարկվող կառուցակարգը որդեգրել է հետեւյալ սկզբունքները՝
ա) բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով եւ չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Փոխարենը, գործընթացը կրելու է շարունակական բնույթ, եւ դատավորները նախագծերի փաթեթի ընդունվելուց հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով:
բ) դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար ստեղծվելու է ոչ թե նոր՝ ad hoc մարմին, այլ այդ հարցի լուծման համար պատասխանատու է լինելու դատական համակարգի անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը:
Փաթեթով առաջարկվող հիմնական բարեփոխումներն են՝
Հստակեցվել են դատավորի վարքագծի կանոնները եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:
ա. Մասնավորապես, ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը եւ անկաշառությունը, օրինակ՝ նախագծով նախատեսվում է դատավորի վարքագծի կանոն սահմանել նաեւ գույքի, եկամուտների եւ շահերի ամբողջական հայտարարագրի ներկայացումը, ինչպես նաեւ գույքի փոփոխության դեպքում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով պատշաճ նյութերի ներկայացումը, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ գույքի փոփոխությունը հիմնավորվում է օրինական եկամուտներով,
բ. Բոլոր կետերում ընդգծվել է, որ կարգապահական խախտումը պատասխանատվության հիմք կարող է լինել միայն այն դեպքում, երբ կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
գ. հանվել է շփոթությունների տեղիք տվող՝ կոպիտ կարգապահական խախտման ինստիտուտը եւ հստակեցվել էական կարգապահական խախտման շրջանակները, դ. կարգապահական վարույթ հարուցելու առիթների (ոչ հիմքերի) ցանկում ավելացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, որի վերաբերյալ վերջնական որոշում, կրկին, կայացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը:
2. Ընդլայնվել են կարգապահական տույժերի տեսակները: Մասնավորապես, գործող օրենսգրքով ամրագրված՝ կարգապահական տույժի տեսակներին ավելացել է միջին խստության տույժ՝ պատասխանատվության պատշաճ եւ համաչափ գործիքներ ներդնելու նպատակով: Մասնավորապես, նոր տույժի տեսակներ են ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը եւ դատարանի նախագահի, կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատումը:
3. Կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը:
Այսպես,
ա) կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում,
բ) 5 տարի ժամկետով եւ միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել 2 տարի ժամկետով ընտրվող Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը նախատեսվել է նաեւ Ուսումնական հարցերի հանձնաժողովում,
գ) երկարացվել են կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները, քանի որ գործող ժամկետներն օբյեկտիվորեն հնարավորություն չեն ընձեռնում վարույթ հարուցող մարմիններին համարժեք արձագանքել կարգապահական խախտումներին,
դ) ԲԴԽ-ին լրացուցիչ գործիքներ են տրվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն արդյունավետ քննելու համար: Մասնավորապես, ըստ նախագծի խորհուրդը կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ, նշանակել փորձաքննություն եւ պահանջել ապացույցներ՝ մի բան, որ գործող կարգավորման պայմաններում կարող է անել միայն դատավորի միջնորդությամբ,
ե) նախատեսվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու կառուցակարգ, որն ամբողջական դարձնելուն, սակայն, առկա են սահմանադրական խոչընդոտներ:
4. Դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կարգավորումները կատարելագործվել են. ներդրվել է գրավոր քննության արդյունքները բողոքարկելու կառուցակարգ, ինչպես նաեւ հարցազրույցի փուլից առաջ հատուկ դատավորի համար անհրաժեշտ որակների ստուգման համար մշակված հոգեբանական թեստավորման համակարգ: Ի հավելումն, թեկնածուների ընտրության համար սահմանվել է բաց քվեարկություն, ինչը կբարձրացնի գործընթացի թափանցիկությունը:
Կարեւոր է նաեւ դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմի իջեցումը 28-ից 25, ինչպես նաեւ դատավորի թեկնածուների հավակնորդերին եւ առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում իրավաբան գիտնականների ընգրկման պայմանների վերանայումը:
Այս փոփոխությունը թույլ կտա դատական համակարգ ներգրավել երիտասարդ, կասկածելի կամ վարկաբեկող կապեր չունեցող, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց:
Հարկ է ընդգծել, որ Վենետիկի հանձնաժողովը, քննարկելով դատավորների թեկնածուների նվազագույն տարիքային շեմին վերաբերող հարցը, շեշտել է, որ եվրոպական չափանիշները վերաբերում են արժանիքների վրա հիմնված եւ խտրականությունը բացառող ընտրությանը եւ չեն նախատեսում տարիքի վերաբերյալ համընդհանուր չափանիշ:
Մանրամասն կարգավորում է ստացել դատավորների գործունեության գնահատումը, նախատեսվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար հանձնաժողով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում եւս կատարվել են համարժեք փոփոխություններ: Մասնավորապես, օրենքը համապատասխանեցվել է Դատական օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, այդ թվում՝ հայտարարագրերը պատշաճ կերպով ներկայացնելու եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ նյութեր տրամադրելու մասով: Բացի այդ, որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գույքային դրության ստուգման արդյունքում կարգապահական վարույթ նախաձեռնելու տարբերակ առաջարկվել է հանձնաժողովի կողմից Ազգային Ժողով միջնորդություն ներկայացնելու մոդելը, որն էլ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու նպատակով:
Նախագծերի փաթեթով որդեգրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաեւ բարեփոխումներ կատարել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի օրենքներում, որոնք դրական ազդեցություն կունենան ոչ միայն դատավորների եւ դատավորների թեկնածուների, այլեւ այլ հայտարարատու հանրային ծառայողների բարեվարքության գնահատման գործում: Այս համատեքստում առաջարկվում է՝
Հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարեւորվում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի ընդլայնումը, միաժամանակ, առաջարկվում է նաեւ իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն նախատեսել պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց համար՝ սահմանելով նաեւ այդ պարտականությունը չկատարելու համար պատասխանատվություն: Միաժամանակ, որպես անձի իրավունքների պաշտպանության ապահովման երաշխիք նախագծով սահմանվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշման բողոքարկման հնարավորությունը:
Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բանկային, առեւտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու հնարավորության տրամադրումը:
Հստակեցվում են դատավորների եւ դատավորների թեկնածուների բարեվարքության եւ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ԿԿՀ լիազորությունները:
Առաջարկվում է վերադառնալ ԿԿՀ կազմավորման մրցութային կարգին՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը եւ գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով:
Առաջարկվում է նաեւ ՏՀԶԿ առաջարկություններին համապատասխան ՀՀ քրեական օրենսգրքի հավելվածով սահմանել կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս փաթեթը միջազգային փորձաքննություն է անցել. «Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հանգում է հետեւյալին՝ կոռոպցիայի կանխարգելման առումով դրական է գնահատվում դատական օրենսգրքի փաթեթը: Նշվում է, որ մեծապես դատական օրենսգրքի կարգավորումները մեծապես համապատասխանում են միջազգային ստանդարտներին, եւ այս նախագծով ապահովվել է ինչպես կոռուպցիայի դեմ պայքարը, այնպես էլ դատական իշխանության անկախությունը չի խաթարվում»,-ասաց նա: