Առաջարկվում է իջեցնել տուգանքի չափը պարտաճանաչ և բարեխիղճ վարորդների համար
Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքի գումարի 70 տոկոսը 10 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կհամարվի ամբողջությամբ մուծված:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարորդների և պետության շահերից միաժամանակ: Տուգանքը՝ որպես վարչական պատասխանատվության ենթարկելու միջոց, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ սահմանված դեպքերում հիմանակնում չի գերազանցում 10-15 հազար ՀՀ դրամը, սակայն պայմանավորված քաղաքացիների ծանր սոցիալական դրությամբ, առաջացնում է նրանց համար հավելյալ բեռ:
Քաղաքացու կողմից տուգանքը չվճարելու պատճառով ավելանում է նաև վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով տուգանքը չվճարելու հետեւանքով նախատեսված գումարը և նախատեսված կատարողական գործողությունների կատարման համար նախատեսված ծախսերը վճարելու պարտականությունը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել քաղաքացիների կողմից տուգանքները ժամանակին վճարելու պատրաստակամությունը, միաժամանակ իջեցնելով տուգանքի չափը պարտաճանաչ և բարեխիղճ վարորդների համար`ազատելով նրանց հետագայում տուգանքի չմուծման արդյունքում այդ տուգանքներին ավելացած վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասի վճարման և նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Միաժամանակ, սույն նախագծի ընդունման դեպքում այն ուղղակիորեն կազդի վարչական դատարանների և ԴԱՀԿ մարմինների աշխատանքի բեռնաթափման վրա, քանզի վարչական ակտի բողոքարկման համար վճարվող պետական տուրքը որոշ դեպքերում գրեթե հավասար է լինելու 10-օրյա ժամկետում տուգանքի մուծման չափին:
Ընդունման դեպքում կարգը կվերաբերի այս խախտումներին.
1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
2.Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
3. Երթևեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհը չզիջելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
4.Կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
5. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
6. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
7. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
8. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
9. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
10. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
11. Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
12. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
13. Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
14. Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
15. Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
16. Քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցների քարշակման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
17. Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
18. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
19. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
20. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ուսումնական վարման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
21. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
22. Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
23. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
24. Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
25. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելը (բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի)` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
26. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:
27. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
28. Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատար ավտոմոբիլների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք և ավելի երթևեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթևեկելը, բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
29. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
30. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
31. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
32. Սույն հոդվածի երեսունմեկերորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձանց նկատմամբ` տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
33. Սույն օրենսգրքում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց ասելով պետք է հասկանալ այն տրանսպորտային միջոցները, որոնք սահմանված կարգով տվյալ պահին իրականացնում են ուղևորների կանոնավոր փոխադրում:
34. Եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ, 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումը, սույն հոդվածին համապատասխան, ունի նվազ նշանակություն, ապա անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:
35. «Հոծ գիծ» (այդ թվում՝ «Կանգ-գիծ») գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի առջևի կամ կողային երկու անիվներն ամբողջությամբ չեն հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:
36. Ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:
37. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի անիվներից ոչ մեկն ամբողջությամբ չի հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:
38. Սույն հոդվածի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:
39. Սույն հոդվածի 21-րդ և 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:
iravaban.net