ՀՀ-ում գտնված ավելի քան 2600 տարեկան աճյունի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա պատկանել է ուրարտացի զինվոր-կնոջը

Հայաստանի հյուսիսում գտնված ավելի քան 2600 տարեկան ոսկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտու հնագույն պետությունից զինվոր-կնոջը։ Ամենայն հավանականությամբ, նա զոհվել է մարտի ժամանակ։ Հետազոտողները կարծում են, որ նման կանայք ոգեշնչել են հին հունական պատմիչներին ամազոնուհիների կերպարը ստեղծելիս, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով International Journal of Osteoarchaeology գիտական ամսագրին։

Աճյունը հնագետները գտել են հյուսիսային Լոռու մարզի «Բովեր I» գերեզմանոցում դեռեւս 2017թ․։ Ճենապակուց եւ զարդերից ելնելով՝ գիտնականները գերեզմանը թվագրել են մ․թ․ա․ VIII-VI դարերին, երբ ներկայիս Հայաստանի տարածքում ծաղկում էր հին Ուրարտու թագավորությունը։ Այն ակտիվ նվաճողական քաղաքականություն է վարել մինչեւ VI դարի վերջը, երբ պետությունն անկում ապրեց սկյութացիների, կիմերացիների եւ մեդացիների համատեղ հարձակման հետեւանքով։

Կմախքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պատկանել է մոտ 20 տարեկան կնոջ։ Զարդերը վկայում են հուղարկավորվածի բարձր կարգավիճակի մասին։ Առավել մանրամասն ուսումնասիրությունը գիտնականներին թույլ է տվել կատարել եւս մեկ կարեւոր եզրահանգում՝ կինն, ամենայն հավանականությամբ, նաեւ զինվոր է եղել։

Ոսկորների կառուցվածքն ու վնասվածքները գիտնականներին հուշել են, որ նա լավ զարգացած մկաններ է ունեցել, հավանաբար կինը նետաձիգ է եղել եւ հաճախ է ձի հեծնել։ Մարտերին մասնակցության մասին վկայում է նաեւ նետի երկաթյա ծայրը, որ մնացել է նրա ձախ ծնկի մեջ։ Սակայն այդ վերքը լավացել է հին զինվորի մահվանից շատ առաջ։

Նրա մահվան պատճառ են դարձել այլ վերքեր։ Մասնագետները նրա ոսկորների վրա առնվազն երեք լուրջ վնասվածքների հետքեր են գտել, ենթադրվում է՝ սրից եւ կացնից։ Հնագետները կարծում են, որ այդ վնասվածքները մեկ մարդ չի հասցրել, եւ եզրակացնում են, որ կինը, ամենայն հավանականությամբ, մարտի ժամանակ է զոհվել։

Սա հին Ուրարտուից զինվոր կնոջ առաջին աճյունը չէ, որ գտել են հնագետները։ Այլ պատմական աղբյուրներ եւս վկայում են այն մասին, որ այդ պետությունում կանայք պայքարել են տղամարդկանց հետ կողք կողքի։ Այդ պատճառով գիտնականները կարծում են, որ հենց Ուրարտուի բնակչուհիներն են ոգեշնչել հին հունական պատմիչներին ստեղծելու ամազոնուհիների՝ միայն կանանցից կազմված մարտական ժողովրդի կերպարը։

 

 

 

 

 

 

news.am

Ձեզ կհետաքրքրի...