Եթե դիմացից լկտի պրովոկացիա է արվում, համարժեք պատասխան պետք է տրվի». Գլխավոր դատախազը՝ Քոչարյանի գործով միջադեպի մասին

Картинки по запросу "glxavor dataxaz""

«Ես մշտապես հակված եմ եղել այն դիրքորոշմանը, որ մեր աշխատանքում մենք էմոցիաներից առավելագույնս պետք է զերծ մնանք, բայց ուզում եմ հասկանաք, որ դատախազն էլ է մարդ, եւ եթե դիմացից, կներեք արտահայտությանս համար, ուղղակի լկտի պրովոկացիա է արվում, կարծում եմ՝ երբեմն դրան համարժեք պատասխան պետք է տրվի»,- այսօր այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նախորդ դատական նիստին պաշտպաններից Միհրան Պողոսյանի եւ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին:

Հարցին՝ իրեն առաջիկայում Մարտի 1-ի գործով կտեսնե՞նք մեղադրող դատախազների թվում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ դա վաղուց աննախադեպ իրավիճակ չէ, ինձ ամեն տեղ էլ կարող եք տեսնել, ես միայն աշխատասենյակում աշխատող դատախազ չեմ»:

Անդրադառնալով Կարեն Բիշարյանին ներկայացված բացարկի հիմքերին, ըստ որոնց՝ նա դեռեւս 2018 թվականի փետրվար ամսին ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ բարձր զինվորական դասային աստիճան ունեցող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, անգամ որպես վկա հրավիրելու հիմքեր առկա չեն, Գլխավոր դատախազն ասաց, որ իրենք առիթ ունեցել են դրանց մասին շատ մանրամասն գրավոր հրապարակում անելու. «Բայց որեւէ մեկը, որեւէ կողմ հակված չէ լսելու կամ ընդունելու մեր հակափաստարկները, որովհետեւ նա ունի իր կարծրացած մոտեցումը՝ անկախ նրանից, թե որքանով են հակափաստարկները հիմնավոր, իսկ դրանք, կարծում եմ, շատ պարզ են»:

Արթուր Դավթյանը կարեւորեց դատախազի աշխատանքի ճիշտ գնահատումը. «Դատախազը գործ ունի համապատասխան քրեական գործում առկա նյութերի հետ, եթե դրանք թույլ են տալիս խոսել «ա» հետեւության մասին, նա հետեւողականորեն խոսելու է «ա»-ի մասին, թույլ են տալիս խոսել «բ» հետեւության մասին, խոսելու է դրա մասին: Դատախազն ապացույց ձեռքբերող չէ, դատախազը պահանջում է, որպեսզի ձեռք բերվեն ապացույցներ, իսկ  եղած ապացույցներով Կարեն Բիշարյանը ցույց է տվել իր դիրքորոշումը շատ հետեւողականորեն, եւ եթե հակառակ փաստարկներն ընդունելի լինեին, դատարանն ինքն էլ դրանք կարձանագրեր»,- նշեց Գլխավոր դատախազը:

Միլենա Խաչիկյան

 

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...