Մենք ոչ թե ձգտում ենք, այլ պարտավոր ենք վերացնել ծայրահեղ աղքատությունը. Հայկ Գեւորգյան
Մենք ոչ թե ձգտում ենք, այլ պարտավոր ենք վերացնել ծայրահեղ աղքատությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով ՀՀ վիճակագրական կոմիտեի երեկ հրապարակած տվյալներին:
Նշենք, որ, ըստ այդ տվյալների, 2018-ին 2017-ի համեմատ Հայաստանում 2.2 տոկոսով նվազել է աղքատությունը, 0.4 տոկոսով նվազել է ծայրահեղ աղքատությունը, պակասել է նաեւ նպաստառուների թիվը շուրջ 6500-ով:
— Պարո՛ն Գեւորգյան, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018-ին Հայաստանում աղքատությունը նվազել է 2.2 տոկոսով: Ինչո՞վ եք սա պայմանավորում:
— Աղքատության նվազումը 2 հիմնական գործոնով է պայմանավորված. նախ եկամուտների աճ, ծախսերի փոփոխություն: 2018 թվականին բնակչության ծախսերը աճել են, բայց ոչ այնքան, որքան եկամուտները: Բնակչության ամենախոցելի խավի մոտ է դա նկատվել նաեւ, ինչը բերել է աղքատության նվազման: Աղքատության նվազման մակարդակի մեթոդոլոգիան դա է ասում: Այսինքն՝ մարդկանց եկամուտներն աճել են, բայց ընթացիկ ծախսերը, որ պետք է անեն պարենային ապրանքները, ծախսերն ավելի քիչ են աճել, քան եկամուտները:
— Կոնկրետ ի՞նչ ցուցանիշներ են հաշվի առնվել աղքատության նվազումն արձանագրելիս:
— Պարենային ապրանքների մեջ կոնկրետ հաշվարկ կա՝ ըստ սննդամթերքի, նրանց կշիռը օգտագործման ամբողջ ծավալում՝ հացը առանձին, կարտոֆիլը, միսը, շաքարը եւ այլն: Այդ ամբողջ ապրանքների գները ընդհանուր առմամբ անցած տարի ավելի քիչ են աճել, քան այն գումարը, որը մարդիկ որպես եկամուտ ստացել են:
— Հաշվի առնելով, որ խոսքը 2018-ի մասին է, իսկ նոր իշխանությունները, կարելի է ասել, տարվա կեսից ստանձնեցին իրենց աշխատանքը, այդ դեպքում կարելի՞ է ասել, որ մի քանի ամսվա ընթացքում հնարավոր եղավ նման արդյունքի հասնել, թե՞ տարեսկզբի մի քանի ամսում էլ է որոշակի աշխատանք իրականացվել:
— Աղքատության ցուցանիշը հրապարակվում է տարեկան կտրվածքով: Այստեղ մենք չենք կարող հստակ բան ասել: Բայց, օրինակ, ապրանքների գների անկումը տեղի ունեցավ հեղափոխությունից հետո՝ կախված մրցակցությունից, հովանավորչության դադարեցումից եւ այլն: Այսինքն՝ ինձ համար ակնհայտ է, որ դրա մեջ շատ մեծ դեր է խաղացել հեղափոխությունը: 2019-ը մոտենում է ավարտին, ու ես այսօրվանից կարող եմ կանխատեսել, որ երբ 2020-ի նոյեմբերի վերջին հրապարակվի 2019-ի աղքատության ցուցանիշը, այն է՛լ ավելի է նվազելու: Որովհետեւ այս տարի մենք ունենում ենք չափազանց ցածր գնաճի ցուցանիշ եւ ակնհայտ եկամուտների աճ: Ընդ որում, այդ եկամուտները ներառական են: Այնպես չէ, որ աճել են, օրինակ, միայն հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների աշխատավարձերը: Ընդհանուր առմամբ է աճել մարդկանց եկամուտները:
— 0.4 տոկոսով էլ նվազել է ծայրահեղ աղքատությունը: Կկարողանա՞ն այս իշխանությունները հասնել ծայրահեղ աղքատության վերացմանը:
— Դա ամենաուրախալի ցուցանիշն է, քանի որ նրանք այն մարդիկ են, որոնք անհրաժեշտ սնունդը գնելու հետ կապված խնդիրներ ունեն: Մենք ոչ թե ձգտում ենք, այլ պարտավոր ենք վերացնել ծայրահեղ աղքատությունը: Թե ինչ կարժենա դա ֆինանսական առումով, դա երկրորդական, երրորդական հարց է: Բայց առաջին հարցն այն է, որ մենք պարտավոր ենք շատ կարճ ժամկետում այդ 1 տոկոս ցուցանիշը հասցնել 0-ի: Ծայրահեղ աղքատներ չպիտի լինեն, իսկ աղքատների թիվը պիտի բարձր տեմպերով նվազի:
— Ամեն դեպքում, ունենք 23.5 տոկոս աղքատություն, ինչը նորից բավականին մեծ է: Ձեր գնահատմամբ՝ 2019-ին մինչեւ ինչքա՞ն կարող է այն իջնել:
— Դա հաշվարկի շատ բարդ մեթոդոլոգիա է, եւ միմիայն արվում է առկա ցուցանիշների վրա: Ճշգրիտ կանխատեսումներ անել հնարավոր չէ: Բայց թույլ տվեք ենթադրել, որ ավելի ցածր ցուցանիշ չի լինի, քան 2.2 տոկոսը:
— 2018-ին դրան նախորդող տարվա համեմատ էականորեն նվազել է նաեւ նպաստառու ընտանիքների թիվը՝ 103 հազար 723-ից դառնալով 97 հազար 232: Նախորդ տարիների համեմատ նվազման թիվն ավելի էական է: Ձեր գնահատմամբ՝ առաջիկա տարիներին սա ավելի՞ կնվազի:
— Նպաստառուների ցուցակից հանվել են այն մարդիկ, ովքեր իրականում դրա կարիքը չունեն: Գնահատել, թե նրանցից որքանն է հատել այն սահմանագիծը, որից հետո կարելի է չհամարվել նպաստառու, դժվար է: Նպաստառուների ծրագիրը, մեղմ ասած, կատարյալ չէ, ու այսօր շատ-շատ մարդիկ կարողանում են ներառվել այդ ցուցակներում: Նրանք ունեն բավական բարձր վարձատրվող աշխատանք, բայց ստվերային են աշխատում: Այսինքն՝ մեխանիզմներն այնպիսին են, որ մարդու համար ավելի ձեռնտու է լինում մնալ նպաստառուների ցուցակում: Այ, երբ որ ավելի ձեռնտու կլինի աշխատելը, քան մնալը նպաստառուների ցուցակում, այդ թիվը կտրուկ կնվազի: Մենք պետք է ձեռնարկենք այդ մեխանիզմների մշակումը, որպեսզի մարդը գնա աշխատի, աշխատավարձ ստանա բարձր, քան նպաստ ստանա, ու այդ ցուցակներում է ներառվել, ինչը նրան արտոնություններ է տալիս:
Ես գիտեմ բազմաթիվ տնտեսվարողների, որոնք դժգոհում են: Մարդկանց են ուզում ընդունել աշխատանքի, բայց աշխատողն ասում է՝ չեմ կարող գրանցվել, քանի որ նպաստառու եմ: Եթե տնտեսվարողը ռիսկի է գնում եւ աշխատանքի է ընդունում նրանց, դա լավ չէ, քանի որ ստվեր է առաջանում: Սեզոնային աշխատանքների հետ կապված մի քանի խմբերի մենք ազատել ենք այդ խնդրից, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցներին:
— Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս իշխանությունների ամենաառաջնային նպատակը աղքատության նվազումն ու նպաստառուների թվի պակասեցումն է:
— Այո՛, մեր նպատակն այն է, որ ՀՀ քաղաքացին լինի բարեկեցիկ, ստեղծագործ, աշխատող: Բայց, եթե մենք զուտ աղքատությունը նվազեցնելն առանձնացնենք ու դա առաջ տանենք, մենք դրանով հեռու չենք գնա: Օրինակ՝ մենք կարող ենք արտաքին պարտք ներգրավվել մի քանի միլիարդ դոլար, այդ տարի նրանք հաց կունենան ուտելու, մյուս տարի էլ կունենան, բայց նրանք մոտիվացված չեն լինի՝ աշխատելու, ստեղծագործելու: Այստեղ շատ զգույշ է պետք լինել: Մարդկանց աշխատելու մոտիվացիան պետք է անընդհատ խթանել:
Անցած տարիներին տարեկան 800 միլիոն դոլարից ավելի պարտքեր են ներգրավվել, ու դրանով փակել են բյուջեի դեֆիցիտները: Ու այդ բյուջեի դեֆիցիտը գոյանում էր նաեւ նպաստներ տալիս: Հիմա մենք դա չենք անում, մենք այդ նպատակով արտաքին պարտք չենք ներգրավվում: Մենք գտնում ենք՝ նրանց, որ խթանի աշխատանքը, խթանի սեփական ապրուստի միջոցը աշխատանքով վաստակելը: Մենք ոչ թե ուզում ենք ձուկը տալ, այլ կարթն ենք տալիս, որ ձուկ բռնեն:
— Սոցիալապես վատ ապրող քաղաքացին կառավարության քայլերին համարժեք արձագանքո՞ւմ է եւ գնում է աշխատելու, թե՞ ոչ:
— Տարիներ շարունակ այդ մարդկանց ասել են՝ մենք փողը կտանք, ամեն նոր տարուն ձեթ ու բրինձ կտանք, դուք միայն մեզ ընտրեք: Այն ժամանակ էլ կար ստվերային աշխատանք, հիմա էլ կա: Բայց մեսիջը, որը տրվում էր նախկինում, չէր խրախուսում աշխատանքը: Օրինակ՝ եթե գլոբալ նայենք, ինչո՞ւ պիտի աշխատունակ մարդը այլ հարկատուների հաշվին նպաստ ստանա, եթե նա աշխատունակ է: Ես չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր սահմանափակ հնարավորություն ունեն: Այն կոպեկները, որը մենք այսօր կարողանում ենք տալ սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց նաեւ այն պատճառով է, որ այդ գումարը մենք բաժանում ենք նաեւ աշխատունակ մարդկանց: Աշխատունակ մարդիկ պետք է քայլ առ քայլ մոտենան այն իրավիճակին, որ աշխատեն եւ իրենք վաստակեն իրենց հացը: Իսկ պետության հոգածության տակ պիտի լինեն միայն սահմանափակ հնարավորություններով մարդիկ, բայց այդ օժանդակությունը, որը պետությունը տալիս է նրանց, պիտի լինի արժանապատիվ, բարձր, որպեսզի նրանք իրենց լիարժեք քաղաքացի զգան: Բայց դա երկար պրոցես է, մենք կգնանք դրան ու կարծում եմ կհասնենք դրան:
armtimes.com