Արագած գյուղում ավազակային հարձակման գործով երեք անձ կալանավորվել է

Քննչական կոմիտեն այսօր հաղորդում է, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են Արագած գյուղում ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել երեք անձի, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք նոյեմբերի 18-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «ավազակային հարձակմամբ, ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակարաններից մեկը, մահակի գործադրմամբ տանտիրուհու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հափշտակել խոշոր չափերի՝ շուրջ 690.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր, 2 բանկային քարտեր, ոգելից խմիչքներ, գումար, ապա կպչուն ժապավենով կապել կնոջ ձեռքերն ու ոտքերը` դիմել փախուստի», ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա և 39-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի («Ավազակությունը») 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, 30-ամյա տղամարդուն՝ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով և 324-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը») 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

 

azatutyun.am

Ձեզ կհետաքրքրի...