Ինձ հայտնի դարձավ, որ որակված է սպանություն. Քոչարյանը՝ զինծառայողի մահվան մասին

Andranik Qocharyan

Ինձ հայտնի դարձավ, որ որակված է սպանություն, եւ քննություն է ընթանում: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի բակում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նախօրեին Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած Արթուր Աջամյանի հարազատները: Քոչարյանն ասաց, որ լարվածությունն առաջացել է մամուլում չճշտված լուրի հրապարակումից հետո, որտեղ նշվել էր, թե ինքնասպանություն է գործել զինծառայողը. «Երբ որ չիմացած բանին որակում են տալիս՝ սենսացիաներ ման գալով, հարազատների հոգեկան աշխարհը խառնվում է, երբ իրականում այդպիսի բան չկար»: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հարցը քննարկվել է ՊՆ ներկայացուցիչների եւ Քննչական գլխավոր վարչության ղեկավար կազմի հետ: «Պաշտպանության նախարարը գտնվում է արձակուրդի մեջ, հիմա կգնամ եւ պաշտոնակատարն ինձ կզեկուցի ամեն ինչ: Այդ զորամասի հետ կապված պարզվում է՝ լուրջ խնդիրներ կան»,- ասաց Քոչարյանը: Դիտարկմանը, թե զինծառայողի հարազատներն ասում են՝ բռնության հետքեր կան, Քոչարյանն արձագանքեց. «Այո՛, բռնության հետքեր կան, դա արձանագրված է»: Քոչարյանը նշեց, որ գործով իրենց հանձնաժողովը վերահսկողություն եւ մասնակցություն է ունենալու: Զինծառայողի հարազատները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...