Պետք է զարգացնենք ու խորացնենք երկկողմ հարաբերությունները. նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը: «Մեր երկրները միշտ էլ սերտ կապեր են ունեցել, որոնք պետք է զարգացնենք ու խորացնենք»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ միաժամանակ նկատելով, որ Հայաստանն ու Ղրղզստանը հաջողությամբ համագործակցում են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Դեսպան Ջեկշենկուլովը վստահեցրել է, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ղրղզստանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության մեծ ներուժ ունեն: «Կարծում եմ՝ բոլոր հնարավորությունները կան՝ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար»,-ասել է դեսպանը: