Հայաստանի բնակիչներն աջակցում են հակակոռուպցիոն միջոցառումներին. հասարակական կարծիքի նոր հարցում
Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հասարակական հարցումների կենտրոնի՝ Հայաստանի բնակչության շրջանում անցկացված նոր ներկայացուցչական հարցումը ցույց է տալիս, որ կառավարության հակակոռուպցիոն ջանքերը վայելում են մեծ աջակցություն, և բնակչության մեծամասնությունը լավատես է երկրի ապագայի նկատմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդուհանդերձ, քաղաքացիները նաև ցանկանում են տեսնել հավելյալ քայլեր՝ ուղղված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ինչպես նաև գործողություններ անցումային արդարադատության ոլորտում։ Ավելին, 66 տոկոսը կարծում է, որ կառավարությունն անում է բավարար քայլեր՝ պայքարելու կոռուպցիայի դեմ (գրանցվել է աճ նախորդ հարցման 59 տոկոսից), իսկ 70 տոկոսն էլ կարծում է, որ այդ պայքարը արդյունավետ է եղել:
«Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ վերջերս ներկայացված պաշտոնական մեղադրանքները ցույց են տալիս, թե որքան լուրջ է եղել կոռուպցիայի խնդիրը նախկին վարչակարգի ժամանակ», — ասել է Սթիվեն Նիքսը, ՄՀԻ Եվրասիա տարածաշրջանի տնօրենը։ «Ոգևորիչ է տեսնել, որ հարցման արդյունքները արտացոլում են նոր կառավարության հակակոռուպցիոն ջանքերի դրական ընկալումը», — հավելել է Նիքսը։
Հարցման արդյունքները մատնանշում են, որ Հայաստանի բնակիչների 70 տոկոսը լավատես է երկրի ապագայի նկատմամբ, իսկ 62 տոկոսը կարծում է, որ երկրի զարգացումը գնում է ճիշտ ուղով։ Երկրի իշխանությունների աշխատանքով բավարարվածությունը պահպանում է իր բարձր ցուցանիշը՝ հարցվածների 76 տոկոսը դրական է գնահատում վարչապետի գրասենյակի աշխատանքը, իսկ 63 տոկոսը գոհ է Ազգային Ժողովի աշխատանքից։
Չնայած լավատեսության այս դրսևորումներին՝ կան նաև մի շարք հանրային մտահոգությունների ի հայտ եկող միտումներ։ Շարունակում է աճել այն քաղաքացիների թիվը, ովքեր մատնանշում են աշխատատեղերի ստեղծումն (38 տոկոս՝ նախորդ հարցման 30 տոկոսի համեմատությամբ) ու սոցիալ-տնտեսական խնդիրները (29 տոկոս՝ նախորդ հարցման 18 տոկոսի համեմատությամբ) որպես կարևորագույն առաջնայնություններ, ինչպես նաև աճել է այն մարդկանց տոկոսը, ովքեր որպես կառավարության ամենամեծ ձախողում են նշել վատ կառավարումը՝ 27 տոկոս (աճ 5 տոկոսով): Սթիվեն Նիքսը նշել է․
«Թեև կառավարությունը լավ ցուցանիշների է հասել հակակոռուպցիոն բարեփոխումների մասով, մենք տեսնում ենք նշաններ, որ բնակչությունը մտահոգ է սոցիալ-տնտեսական ասպարեզում առաջընթացի տեմպերով»։
Հայաստանի բնակչությունը նաև ցույց է տալիս մեծ հետաքրքրություն դատական բարեփոխումների ու անցումային արդարադատության իրականացման հանդեպ։ Հարցվածների 82 տոկոսը գտնում է, որ դատական բարեփոխումը պետք է լինի կարևոր առաջնայնություն, իսկ 60 տոկոսը ցանկանում է տեսնել այնպիսի անցումային արդարադատության համակարգ, որը կքննի նախորդ վարչակարգի ժամանակ տեղի ունեցած յուրաքանչյուր խնդիր՝ կոռուպցիայից ու ապօրինի հարստացումից մինչև մարդու իրավունքների խախտումներ և ընտրակեղծիք։
Արժանի է հիշատակման, որ պատմականորեն հայրիշխանական հասարակություն հանդիսացող Հայաստանում բնակիչների 96 տոկոսը կարծում է, որ կանանց հանդեպ բռնության բոլոր տեսակները պետք է օրենքով պատժելի լինեն, իսկ 90 տոկոսը հավատացած է, որ պետությունը պետք է վերացնի կանանց նկատմամբ խտրական օրենքներն ու գործելակերպը։
Մեթոդաբանություն .
ՄՀԻ հարցումն իրականացրել է դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 3 տոկոսը։ Արձագանքի մակարդակը կազմել է 66 տոկոս։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։