Ազգային ժողովը վավերացրեց շուրջ 131,5 մլն եվրո վարկ վերցնելու համաձայնագրերը
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Ասիական զարգացման բանկից, Վերականգման վարկերի բանկից և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից շուրջ 131,5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագրերը վավերացնելու 4 նախագծերին կողմ քվեարկեցին միայն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները:
Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ 2019թ. նոյեմբերի 14-ին ստորագրած «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով կտրամադրի բյուջետային աջակցության վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները
Մեկ այլ համաձայնագրով Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին կտրամադրի 9,1 մլն եվրո վարկ:
«Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսվում է տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 9,1 եվրո գումարի չափով: Ծրագիրը ներառում է նախադպրոցական և բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակի ընդլայնում, առողջապահական ծառայությունների, նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավում: Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալը՝ մոտ 3 տարի»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:
Վերականգնման վարկերի բանկը Հայաստանին վարկ կտրամադրի շրջակա միջավայրի պահպանության համար:
«2019թ. նոյեմբերի 11-ին է ստորագրվել Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ — Շրջակա միջավայրի պահպանություն — BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը, որով կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: Բյուջետային աջակցության վարկը հիմնականում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում թիրախավորված քաղաքականության իրականացման հիմքով է տրվել երկրին: Վարկի ժամկետայնությունը 15 տարի է, որից արտոնյալ է 5 տարին»,- նշեց Արամ Հայրապետյանը:
Հայաստանի Հանրապետությունը 45,8 մլն եվրոյի վարկ էլ կստանա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից:
«Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրով տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ 45.8 մլն եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի, գործընթացների և կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը: Վարկի մարման ժամկետայնությունը 25.5 տարի է, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է»,- ասաց Հայրապետյանը: