«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Գեւորգ Սաֆարյանին

Lidiany dati e tvel

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ընկերությունը պահանջում է Սաֆարյանին պարտավորեցնել զրպարտություն համարվող տվյալները հերքել, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցել եւ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձել:

«Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառ է հանդիսացել նոյեմբերի 13-ին Գեւորգ Սաֆարյանի «irakanum.am» լրատվամիջոցին տրված՝ «Իշխանությունները պետք է բացահայտեն կոռուպցիոն այն գործարքները, որոնցում ներգրավված է եղել «Լիդիան Արմենիան» վերնագրով հարցազրույցը: Մելքումյանի խոսքով՝ Սաֆարյանն այդ հարցազրույցի ժամանակ ասել է, որ «Լիդիան Արմենիան» օգտագործել, օգտագործում եւ օգտագործելու է բոլոր՝ թե՛ օրինական եւ թե՛ ապօրինի լծակները՝ հանքը շահագործելու համար: Մելքումյանն ասաց, որ Սաֆարյանը նաեւ նշել է, թե «Լիդիանը» նախորդ իշխանությունների հետ ապօրինի գործարքների միջոցով ստացել է հանքի շահագործման թույլտվություններ եւ ամեն կերպ փորձելու է շահագործել հանքը:

«Այս արտահայտությունները մենք դիտարկել ենք որպես զրպարտություն համարվող փաստացի տվյալներ եւ դիմել ենք դատարան, որպեսզի հերքվի»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ պահանջում են նաեւ 1 մլն դրամի չափով փոխհատուցում:

Գեւորգ Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ հայցը չի ստացել եւ պահանջի բովանդակությանը ծանոթ չէ. «Պահանջին չեմ անդրադառնա, երբ որ կստանամ, այդ ժամանակ պարզ կլինի՝ ինչ են գրել պահանջի մեջ: Իսկ, եթե խոսքը «irakanum.am» կայքում տեղադրված իմ մեկնաբանությունների մասին է, որը վերաբերում է Ամուլսարի հանքարդյունաբերությանը, ապա այնտեղ որեւիցե հերքելու բան չկա»:

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 10-ին: Գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին:

 

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...