Երկհարկանի Երեւան ենք ստանալու, թե առաջին հարկն ինչպես կօգտագործվի՝ դեռ պարզ չէ. հնագետ
Մայրաքաղաքի ստորգետնյա հատվածը բացելու հնարավորությանը երեկ անդրադարձել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր, որ ծրագիրը շուտով կարող է իրականություն դառնալ: Իսկ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ աշխատանքները կսկսվեն այս տարի:
ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայտնեց, որ ինքն էլ ինստիտուտի մասնագետների հետ 2019 թվականին մի քանի անգամ մասնակցել է ԿԳՄՍՆ-ի կազմակերպած քննարկումներին, որտեղ մանրամասն վերլուծելով իրականացվելիք ծրագիրը՝ գտել են, որ առաջին հերթին անհրաժեշտ է շարունակել Հանրապետության հրապարակի պեղումները, ապա նոր մտածել քաղաքի ստորգետնյա հատվածի վերականգնման ու վերաբացման մասին:
«Պայմանական ասած՝ երկհարկանի Երեւան ենք ստանալու: Թե առաջին հարկը ինչպես կօգտագործվի՝ դեռ պարզ չէ»,- ասաց Պավել Ավետիսյանը: Նա հայտնեց, որ հնագիտության ինստիտուտից արդեն ներկայացրել են նպատակահարմար տարածքները, թե որտեղ կարելի է առայժմ պեղել ու բացել, որպեսզի հետագայում այդ տարածքներն ամրակայելուց ու ցուցադրելուց հետո խնդիրներ չառաջանան եւ ստիպված չլինեն դրանք կրկին ավազով լցնել ու ծածկել:
Հնագետի համոզմամբ՝ քանի որ տրանսպորտային շատ կարեւոր հանգույցի մասին է խոսքը, դեռ շատ խնդիրներ ու բաց հարցեր կան: «Պատկերացրեք, փակելու ենք հրապարակը՝ քաղաքի տարբեր մասերն իրար կապող խոշորագույն տրանսպորտային հանգույց: Հանգույցը գործելու դեպքում էլ պետք է որոշակի աշխատանքներ տարվեն: Ապակիով կփակեն, վրայից մեքենաներ կանցեն, թե բաց կլինի, դրանք արդեն կոնստրուկտորական խնդիրներ են: Մի խոսքով, շատ աշխատատար եւ բարդ խնդիր է, բայց որպես հնագետ շատ ոգեւորված կլինեմ, եթե կարողանանաք այդ գաղափարը կյանքի կոչել»,- ասաց նա:
Պավել Ավետիսյանը նկատեց, որ պեղումների ենթակա հատվածում 19-րդ դարի Երեւանն է, այսինքն բացելու են մինչթամանյանական Երեւանի նկուղային հարկերը: Հնագետը հայտնեց, որ դրանք շատ լավ են պահպանվել եւ կարող են օգտագործվել նաեւ որպես տաղավարներ ու փոքրիկ սրճարաններ: «Զբոսաշրջիկը եւ այդ տարածք մտնող քաղաքացին մեծ հաճույք կարող է ստանալ՝ առնչվելով մինչթամանյանական Երեւանի հետ, որից գրեթե ոչինչ չենք պահպանել: Գուցե 19-րդ դարից էլ ավելի վաղ շերտեր լինեն, պեղումները ցույց կտան»,- ասաց նա:
Ավետիսյանի խոսքով՝ Երեւանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը շատ լավ պահպանված, գեղեցիկ կամարներով հարուստ տարածք է: Մինչեւ 4 մետր բարձրությամբ պատերն, ըստ նրա, պահպանված են, բայց այդ ամենը վերաբացել հնարավոր կլինի միայն լուրջ նախապատրաստական աշխատանքներից ու մեծ ծախսերից հետո: «Այնտեղ ամեն մի աշխատանքը, տարածքը բացել եւ ցուցադրելը շատ լուրջ ինժեներական խնդիրների լուծման կարիք կունենա: Անհրաժեշտ է ամեն ինչի շուրջ լավ մտածել, քննարկել, հետո նոր՝ առաջ գնալ: Այսօր էլ նախարարությունում այդ հարցը քննարկման առարկա է եւ գուցե շատ արագ որոշում կայացնեն: Ընտիր կլինի, եթե բացենք երգող շատրվանների հատվածը մինչեւ Աբովյան փողոցից Հրապարակ մտնող տարածքը: Բայց պետք է հստակ որոշում լինի, որովհետեւ բավականին ծանր աշխատանք է»,-նկատեց Ավետիսյանը:
Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե նախանական հաշվարկ արվե՞լ է՝ մոտավորապես ինչքան գումարի մասին է խոսքը, որպեսզի ծրագիրը կյանքի կոչվի, սակայն վերջինս դժվարացավ դեռեւս թիվ նշել: «Դեռ պետք է որոշում կայացվի, թե որտեղ ենք պեղելու, ինչ խորությամբ ենք պեղելու, որից հետո հնարավոր կլինի որոշում կայացնել: Որտեղ որ ժամանակին շինարարություն են արել, տեսել են, որ մինչեւ 6-7 մետր կարող են խորանալ, դրանք ամբողջը շինություններով լի տարածքներ են, բայց, թե որքանով են մոնումենտալ, դա էլ դեռ պարզ չէ»,- ասաց նա:
Ավետիսյանի նկատեց, որ քաղաքի ստորգետնյա հատվածը վերաբացելու գաղափարը դեռ տարիներ առաջ է եղել, սակայն բանավոր քննարկումներից այն կողմ չի անցել: «Ավելի վաղ պեղող հնագետներն են առաջարկել, դեռ հրապարակը վերակառուցելու ժամանակ ներքին քննարկման առարկա է եղել, սակայն բոլորը բանավոր մակարդակով: Այժմ ավելի լայն մասշտաբով մի քանի անգամ լուրջ խորհրդակցություն է եղել»,- ասաց նա:
Հնագիտության ինստիտուտի տնօրենը նշեց, որ եթե որոշում կայացվի եւ անհրաժեշտ գումարներ լինեն, ապա աշխատանքը այնքան էլ ժամանակատար չի լինի, հնարավոր է շատ արագ վերջացնել: Վերականգնման համար մեծ ծավալի աշխատանք չկա, ուղղակի բարդ տեղանքի հետ է կապված:
«Առայժմ ներկայացվում են հնարավոր անելիքները, այն խոչընդոտները, որոնք կան եւ պետք է վերացվեն: Հնագիտական առումով անլուծելի ոչինչ չկա: Անհրաեշտ է հասկանալ կոնկրետ որքան տարածքի մասին է խոսքը, ինչ ժամկետ ու ինչ քանակի ուժեր է պետք կենտրոնացնել եւ ինչքան գումար է անհրաժեշտ: Այս պահին այդ աշխատանքներն է արվում»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք՝ ստորգետնյա քաղաքը հայտնաբերվել էր 2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ։ Հրապարակի ողջ տրամագծով վերականգնողական շինարարական աշխատանքներ էին սկսվել եւ երբ ասֆալտի վերին շերտը հանվել էր, շինարարներն հայտնաբերել էին քարքարոտ պատեր, սեւ ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ: Սակայն նույն տարում ստորգետնյա այդ քաղաքը ցեմենտով էր լցվել եւ ասֆալտապատվել: Ստորգետնյա քաղաքը տարածված է Աբովյան ու Ամիրյան փողոցների, Հանրապետության հրապարակի տակ եւ հասնում է մինչեւ Կոնդ։