Առաջին կինը լուսնի վրա. « Արտեմիս » ընկերության տիեզերական ծրագիրը
2019 թվականի մայիսին NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենստայնը հայտարարեց նոր ծրագրի մեկնարկի մասին, որը կոչվեց « Արտեմիս »: Այն իր անունը ստացավ ի պատիվ հին հունական դիցաբանության Արտեմիս աստվածուհու, ով Ապոլոն աստծու քույրն էր և Լուսնի աստվածուհին:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում NASA-ի Արտեմիսը
Այս նոր ծրագրի շրջանակներում, NASA-ն, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու համակարգերը, պատրաստվում է մինչ 2024 թվականը իրականացնել կնոջ` առաջին և տղամարդու` հերթական վայրէջքը Լուսնի մակերևույթին: Նախնական ծրագրի հաջող ընթացքից հետո գործակալությունը կսկսի լուսնային կայանի ստեղծման աշխատանքները՝ դեպի Մարս ճանապարհ հարթելու նպատակներին ընդառաջ…
Ծրագրի առաջին մասը պլանավորվում է իրականացնել երեք էտապներով՝ համապատասխանանբար «Արտեմիս 1 », « Արտեմիս 2 » և « Արտեմիս 3 » կոչվող փուլերի ընթացքում:
Դրանցից առաջինը՝ « Արտեմիս 1-ը », NASA-ն պլանավորում է իրագործել 2020 թվականի նոյեմբերից ոչ շուտ: Այս փուլում գործակալությունը նախատեսում է իրականացնել « Օրիոն » տիեզերանավի թռիչքը՝ Space Launch System հրթիռ-կրիչի օգնությամբ:
Տիեզերանավը մոտ երեք շաբաթ կգտնվի Տիեզերքում, այդ ընթացքում 3 օր կպտտվի Լուսնի պտույտի ուղղությանը հակառակ ուղղությամբ, ապա հետ կվերադառնա Երկիր: Տիեզերանավի ներսում կգտնվեն 2 « մանեկեն – աստղագնացներ », որոնցից մեկը պաշտպանված կլինի AstroRad անունը կրող հատուկ պաշտպանիչ ժիլետով, իսկ մյուսը կլինի առանց պաշտպանիչ հագուստի: Սրա նպատակն է պարզել, թե ինչպես կարող են ազդել տիեզերական ճառագայթները, ռադիացիան և արևային բռնկումները նրանց վրա:
Ինչպես նշվում է NASA-ի պաշտոնական կայքում՝ « սա նախադեպը չունեցող մի թռիչք է լինելու, քանի որ « Օրիոնը » կմեկնարկի ամենահզոր հրթիռի վրա և կթռչի ավելի հեռու, քան որևէ տիեզերանավի հաջողվել է թռչել: Երկրից հեռանալով մոտ 280 000 մղոն՝ « Օրիոնը » տիեզերքում կմնա ավելի երկար, քան մնացել է որևէ տիեզերանավ՝ առանց ՄՏԿ-ին միանալու, և կվերադառնա տուն »:
Իսկ ահա իրական տիեզերագնացների թռիչքը NASA-ն նախատեսվում է իրականացնել 2022 թվականի վերջին՝ « Արտեմիս 2 » ծրագրի շրջանակներում: Եթե գործակալությանը հաջողվի սա իրականություն դարձնել, ապա այն կդառնա « Ապոլոն 17-ից » հետո իրականացված առաջին առաքելությունը, որի ընթացքում տիեզերագնացները դուրս կգան Երկրի ուղեծրից:
Շուրջ 21 օր աստղագնացները կճանապարհորդեն տիեզերանավի ներսում, կպտտվեն Լուսնի շուրջ և կրկին կվերադառնան Երկիր:
Իսկ ահա արդեն « Արտեմիս 3 » ծրագրի ընթացքում, տիեզերագնացները երկար ընդմիջումից հետո կրկին ոտք կդնեն Լուսնի մակերևույթին: Սա հատկապես կնշանավորվի նրանով, որ Լուսնի վրա առաջին անգամ ոտք կդնի կին աստղագնաց, ընդ որում՝ Լուսնի հարավային բևեռում, որտեղ դեռ ոչ ոք չի հասցրել քայլել:
Այնտեղ տիեզերագնացները մի շարք ուսումնասիրություններ կիրականացնեն, կփորձեն բացահայտել Լուսնի գաղտնիքները, կփնտրեն ջուր, կսովորեն ապրել և աշխատել այլ տիեզերական մարմնի մակերևույթին, ինչպես նաև առաքելության ընթացքում կփորձարկվեն նոր տեխնիկաները, մինչ աստղագնացներին Մարս ուղարկելը:
« Արտեմիս » ծրագրի ընթացքում NASA-ն նախատեսում է նաև լուսնային միջազգային կայանի ( Lunar Gateway ) կառուցումը, որի օգնությամբ էլ աստղագնացները հետագայում կուղարկվեն դեպի Մարս: