Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության. ՇՄ դատախազ

Kharcaqnnvi Vardan Ghukasyany

Շուտով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Հաղորդումը «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների մասին է:

Դատախազն ասաց, մասնավորապես վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը:  Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ  314 հոդված հատկանիշերով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաեւ որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկանան, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաեւ Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: Հարցաքննվե՞լ է արդյոք Վարդան Ղուկասյանը: Դատախազն ասաց՝ դեռ՝ ոչ: «Ես առերեւույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ, բայց վերջնական գնահատական ստանալու համար երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը, նոր կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,-ասաց դատախազը:

Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ կան իրականացված, որոնք եւս դատախազության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես «Հոկտեմբեր» կինոթատրոնի օտարումը «Մոսկվա», Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկ»-ի, «Մայիսյանի» եւ այլ կաթսայատների օտարումները:

Գյումրու քաղաքապետարանից բոլորի մասով դատախազությունը փաստաթղթեր է պահանջել: Կառույցից պատասխանել են, որ իրենց մոտ պահպանված փաստաթղթեր չկան, պետք է դիմել արխիվ: Դատախազությունն արդեն համապատասխան գրությունն ուղարկել է, սպասում է դրանց տրամադրմանը՝ հետագա գործողությունների իրականացման համար:

Կաթսայատների դեպքում արդյո՞ք ուսումնասիրության առարկա է այն հանագամանքը, որ մասնավորապես Մայիսյանի կաթսայատունը բավական ցածր գնով օտարվել է Սամվել Ալեքսանյանին եւ սարքավորումները տեղափոխվել են Ալեքսանյանին պատկանող Շաքարի գործարան: «Փաստն արդեն դարձել է ուսումնասիրության առարկա եւ տրվելու է իրավական գնահատական, պարզելու ենք իրականում գումարի չափն ինչքան է եղել: Մենք բոլորի անվանումներն ու հասցեներն ունենք, բայց այս պահին օտարման հիմքերը չունենք: Երբ կստանանք, կուսումնասիրենք: Եթե չստանանք, հարցը կդիտարկենք այլ տիրույթում, եւ կհարուցվի քրեական գործ»,-ասաց ՇՄ դատախազը:

 

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...