Վահրամ Ավագյանի մահվան գործի շրջանակում զորացրումներ և խիստ կարգապահական տույժեր հրամկազմին
ՊԲ զորամասերից մեկում հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել ծառայողական քննություն, հաղորդում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին, զորացրել զինված ուժերի շարքերից:
Նույն գործի շրջանակում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում:
Հավելենք նաև, որ հետաքննությունը շարունակվում է, և տույժի ենթարկված պաշտոնատար անձինք այդքանով հանդերձ չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից,-նշված է հաղորդագրությունում: