Ամուսնալուծությունները շատացել են, ամուսնությունները՝ պակասել. հոգեբանը վերլուծում է պատճառները

bajanutyun

Սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնին, որն այս տարի նշվում է փետրվարի 8-ին, սիրահարները միմյանց համար անակնկալներ են պատրաստում, նորից ու նորովի խորհում եւ խոսում իրենց սիրո, հավերժաբար միասին, ուրախ ու երջանիկ ապրելու մասին: Իսկ ամուսնությամբ հեքիաթները հաճախ ավարտվում են:

Ամուսնությունից հետո սկսվում է կա՛մ նոր ու հրաշալի հեքիաթ՝ նաեւ իր երկգլուխ վիշապներով, անտակ հորերով, բայց անպայման վերջում հաղթող բարիներով, կա՛մ՝ ձանձրալի ու անհրապույր իրականություն՝ անտանելի հոգսերով, որից միայն փախչել ես ուզում: Ու մեր իրականության մեջ փախչողները շատանում են:

Վերջին տասը տարիներին Հայաստանի Հանրապետությունում անընդմեջ նվազել է ամուսնությունների թիվը, ավելացել՝ ամուսնալուծություններինը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ եթե 2008-ին գրանցվել է ավելի քան 18 հազար ամուսնություն, ապա 2018-ին դրանք եղել են մոտ 15 հազար, իսկ ամուսնալուծությունները 2008-ին եղել են մոտ 3 հազար, 2018-ին՝ մոտ 4 հազար:

amusnalutyutyan grafik 1

Ամուսնությունները մեր երկրում առավել շատ գրանցվում են փետրվարին, սեպտեմբերին, հոկտեմբերին ու նոյեմբերին, ամենաքիչը՝ հունվարին:

amusnalututyan grafik 2

Նշված տասնամյակում ավելի հաճախ են բաժանվել նորապսակներն ու մինչեւ ինը տարվա ամուսինները. մյուս տարիքային խմբերում ցուցանիշներն այդ ընթացքում գրեթե չեն փոփոխվել:

Amusnalututyan grafik 3

 

Ամուսնացողների միջին տարիքը շարունակաբար բարձրանում է: Ամուսնացող տղամարդկանց տարիքը 2008-ին միջինում 29 էր, 2018-ին՝ 31, կանանց միջին տարիքը 24 էր, ապա՝ 27: Բարձրացել է նաև առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը՝ նշված տասը տարում 24-ից հասնելով 26-ի՝ կանանց պարագայում, եւ 28-ից 30-ի՝ տղամարդկանց պարագայում:

ashxarhum vichaky

Աշխարհում ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշները Եվրոպայում են: Իսպանիայում, Պորտուգալիայում, Լյուքսեմբուրգում, Չեխիայում եւ Հունգարիայում ամուսնալուծությունների մակարդակն ավելի քան 60 տոկոս է (ամուսնությունների կեսից ավելին ավարտվում է ամուսնալուծությամբ): Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշն ունի Բելգիան՝ մոտ 70 տոկոս: Ամուսնալուծությունների մակարդակը ԱՄՆ-ում մոտ 53 տոկոս է: Պաշտոնապես ամուսնալուծությունների ամենացածր ցուցանիշը Չիլիում է՝ 3%:

amusnalututyuner ashkharhum

 

Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ ամուսնալուծությունների թիվը մեծանում է, քանի որ շատանում են զույգերի ակնկալիքներն ամուսնությունից. ի դեպ, ամուսնալուծությունների երեք քառորդը նախաձեռնում են կանայք: Չարդարացված սպասելիքներից առաջանում է դժգոհություն եւ ամուսնությունից «ազատվելու» ցանկություն: Առավել դյուրին է դարձել ամուսնալուծության գործընթացը. այն հիմա առավել հաճախադեպ է, հանրության համար՝ արդեն սովորական: Արդյունքում ամուսնություններն էլ ընկալվում են՝ որպես նվազ կարեւոր, էական, սրբազան իրողություններ:

Ամուսնալուծությունների պատճառներից է,  ըստ սոցիոլոգների, կրոնի դերը նվազումը. կրոնները սովորաբար հորդորում են ներել, հանդուրժել, ընդառաջել, համբերել, նվիրվել, մինչդեռ ժամանակակից արժեհամակարգը կրող մարդն առաջին հերթին սովորում է պաշտպանել իր իրավունքները, բավարարել անձնական պահանջները:

Ամուսնալուծությունների կրոնական քարտեզում առաջին տեղում քրիստոնեությունն է. բաժանվում է ուղղափառ քրիստոնյա զույգերի 37 տոկոսը, կաթոլիկների՝ 36 տոկոսը: Բուդդիստ զույգերի 30 տոկոսն է ամուսնալուծվում, հրեաների՝ 28 տոկոսը, մուսուլմանների 20 տոկոսը: Հինդուիստների ամուսնություններն անհամեմատ ամուր են, բաժանվում է նրանց միայն 1 տոկոսը:

Ամուսնալուծությունների հոգեբանական հիմքերի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ընտանեկան հոգեբանության սեմինարներ վարող, «Մոր եւ մանկան անկյուն» հաղորդաշարի հեղինակ, հոգեբան Նարինե  Իսրայելյանի հետ: Պատճառներից առաջինը մասնագետը նշել է երիտասարդների՝ ամուսին-կին-ծնող դառնալու անպատրաստությունը:

«Ամուսնացողներն այսօր չունեն հոգեբանական գիտելիքներ այն մասին, թե ինչպիսին պիտի լինեն իրենք եւ ինչպիսին՝ զուգընկերները: Այսօրվա ընտանիքում նրանք չեն տեսնում մեր ժամանակի, մեր գենային համակարգի մեջ իրենց դերը: Մանկուց դա չեն սովորում: Զբաղված են մեծերը՝ պիտի հասցնեն կենցաղային խնդիրները լուծել: Իսկ դպրոցն էլ առավել վերացական գիտելիքի վրա է կենտրոնացած, եւ չի պատասխանում կենսական հարցերի: Դպրոցի գիտելիքն առավել ուղղված է անցյալին, երեխաներին չեն սովորեցնում՝ ինչ պիտի անեն նրանք ներկայում, առավել եւս՝ ինչ պիտի անեն այս 12-15 տարեկանները, երբ լինեն 25-30 տարեկան»,- ասաց հոգեբանը:

Հաճախ թե՛ աղջիկները եւ թե՛ տղաները չեն մասնակցում տնային գործերին եւ ձեռք չեն բերում այն հմտությունները, որ հետագայում նրանց պետք են գալիս. ծնողներն ասում են՝ դու միայն դասերդ արա: «Երեխային մեծացնում են այնպես, որ ընտանիքի մեծահասակների՝ մայրիկի, տատիկի, պապիկի նկատմամբ որեւէ պարտավորություն չունի: Որ ինքը նրանց ոչինչ չունի տալու, այլ միայն վերցնող է (վերցնում է սեր, ջերմություն, հոգատարություն, նվերներ, եթե վարքը լավը չէ՝ նկատողություններ), բայց չի անում իր տարիքին հատուկ գործեր»,- նշեց նա: Հետագայում, երբ նրանք այդ գործերին են առերեսվում, մոլորված են զգում:

Այս առումով, առավել խոցելի են տղաները. «Կրթական ոլորտի պատմությունը մեզ հուշում է, որ աղջիկներն ավելի պարտաճանաչ են, քան տղաները, որ բնազդով ավելի քիչ են կրում անտրամաբանական պահանջներ (անում բաներ, որ իրենց պետք չեն): Տղաների մերժումն ու ըմբոստությունն ավելի մեծ է, քանի որ իրենք ունեն դրսի՝ բակի, ընկերական հարաբերությունների ավելի մեծ այլընտրանք: Այսպիսով, տղա երեխաները նաեւ դպրոցում լավ չեն սովորում»,- նկարագրեց Իսրայելյանը:

Փաստացի, եթե դիտարկում ենք թե տղաների եւ թե աղջիկների կյանքի պատմությունը մինչեւ 20-25 տարեկան, տեսնում ենք, որ նրանք ծնող լինելու պարզ գիտելիքներ չունեն: Ուսումնասիրությունները փաստում են, որ ողջ աշխարհում երեխաները, հանգստի ու զվարճանքի այսօրվա բազմատեսակ առաջարկների մեջ մեծանալով, շարունակում են մնալ երեխա: Իրենց ցանկությունները, հանգիստը, վայելքը ընկալում են՝ որպես մեծ երեխա: Եվ իրենց մեծի դերն անկատար է լինում: «Ստացվում է՝ մեծ երեխաները ունեն փոքր երեխա: Եվ ամուսնալուծությունների ցուցանիշներն էլ մեծանում են, երբ ընտանիքում ծնվում է երեխա»,- ասաց նա: Հոգեբանի խոսքով՝ ծնողավարական մշակույթ չունեցող «մեծ երեխաները» իրենք իրենց դուր չեն գալիս այդ դերում, և հուսահատության, անկարողության զգացում են ունենում:

Ամուսնալուծության ծանրակշիռ պատճառներից մեկն էլ ընտանեկան բռնությունն է: Նարինե Իսրայելյանը վստահ է, որ պարբերաբար դրսեւորվող թե ֆիզիկական եւ թե հոգեբանական բռնության պարագայում բաժանվելը ճիշտ է: «Երբ անձնային խնդիրները բերում են այնպիսի պաշտպանության, որ մարդը դառնում է ագրեսիվ, լինում է բռնություն: Երբ տղամարդը գիտի, որ եթե ստեղծել է ընտանիք, պիտի կարողանա կենցաղն ապահովել, բայց չի կարողանում, ինքն իրեն դուր չի գալիս, իր մոտ սկսվում են փախուստներ՝ թե համակարգչային-վիրտուալ աշխարհ, թե՝ այլ: Որքան անձը տրվում է այդպիսի փախուստի, այնքան ինքն իրեն ավելի դուր չի գալիս, եւ այնքան ավելի շատ է տրվում այդ փախուստին, եւ այդպես շարունակ: Հետո սկսում է ինքն իրեն պաշտպանել բոլորից, եւ այն օղակը, որ ամենաթույլն է՝ կինը, զավակը, մտերիմ մարդիկ, որոնք, վստահ է, կներեն կամ կդիմանան, առաջին հերթին են հարված կրում: Այստեղ է նա փորձում ապացուցել իր ուժը, վերականգնել իր դիրքը: Իհարկե, չի վերականգնում, քանի որ ինչքան բռնությամբ, վատով ապացուցի իր լավը լինելը, այնքան զգում է, որ ինքը լավը չի, այնքան ավելի է դիմում այդ պաշտպանական միջոցին: Խոսքն, իհարկե, սիտուատիվ բռնության մասին չէ, այլ՝ պարբերական»,- նշեց Նարինե Իսրայելյանը:

Հոգեբանական բռնությունը եւս հաճախադեպ խնդիր է. Իսրայելյանի խոսքով՝ կնոջ նկատմամբ այն դրսեւորվում է մի դեպքում խիստ սահմանափակումներով, կանոններով, որոնց վանդակում կինն իրեն զգում է նվաստ, անկարեւոր, ոչ լիարժեք: Մյուս դեպքում դա թույլ, անկատար, վախեցած կենցաղով տղամարդու՝ այդ կենցաղով տեղափոխվելն է կնոջ կենցաղ, որով նրան էլ է տանում հոգեբանական մենաստան: «Բռնության պարագայում ճիշտ է ամուսնալուծությունը, քանի որ մարդը, որ պիտի բռնանալով ապացուցի իր կարեւորությունը, երբեք դա չի ապացուցի, բայց և երբեք կանգ չի առնի»,- նշեց հոգեբանը:

Հնարավո՞ր է բաժանության շեմից հետ բերել ընտանիքը: Հոգեբանի՝ տասնամյակների փորձը վկայում է՝ հնարավոր է նույնքան, որքան՝ անհնար: Փախուստի միտքը հաճախ է լինում, երբ մարդիկ ելք չեն տեսնում: Դա իրականում անձնապես փրկվելու ցանկությունն է, էլ չեն փորձում իրավիճակը փրկել: Այստեղ կարելի է տեսնել, թե անկարողության համար ինչ հիմքեր կան, եւ դրանք շտկել:

Հոգեբանական աշխատանքն այն զույգերի հետ, որ ամուսնալուծության մտքին են հասել, բայց փորձ են անում հասկանալ խնդիրը, առավել արդյունավետ է մասնագետի հետ, քանի որ նրա նկատմամբ զույգը չունի նեղացնելու, բարկացնելու, խնայելու մտահոգություն: Մասնագետն օտար է, եւ օտարի հետ կիսում են այն խնդիրները, որ խուսափում են պատմել հարազատներին. «Երբեմն պարզվում է՝ «էլ չեմ ուզում» պաշտպանությունը առաջացել էր ոչ թե չսիրելուց, այլ՝ անկարողությունից: Եվ հարաբերությունները վերականգնվում են: Բայց, ցավոք, պատահում է, որ տեսնում ենք ամուսնությունը պատահական է, եւ սիրելու, զիջելու որեւէ տեղ չկա: Ամուսինները համագործակցելով միասին ճանապարհ պիտի անցնեն. որոշ դեպքերում իրենց ժամանակ տաս թե չտաս, նրանք չեն կարող միասին գնալ, քանի որ նրանց ընտրած կյանքի ճանապարհները տարբեր են. նրանք հինգ, տասը տարի միասին քայլելով պիտի միասին անցնեն նույն ճանապարհը՝ թեկուզ վիճելով, նեղանալով-հաշտվելով, բայց նույն ուղղությամբ պիտի գնան: Եթե երկու մարդ տարբեր կյանքի ճանապարհ է պատկերացնում, միասին գնալ չեն կարող»:

Արկածներով լի հեքիա՞թ, թե՞ անտանելի հոգսաշատ իրականություն. իրական սիրո բարձունքից տեսարանն էապես տարբեր է լինում, Սուրբ Սարգիսը վկա:

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...