Վաչագան Ղազարյանի կողմից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է
«Յանս» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանի կողմից գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վ. Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:
Ավելի վաղ, «Յանս» ռեստորանի նախկին հաշվապահը պնդել էր, որ «Յանս»-ի սեփականատեր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն իրենից 40 միլիոն դրամ է շորթել: Սուսաննա Արիստակեսյանի հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ:
Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ կա ևս մեկ հարուցված քրեական գործ` նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: