Երևանում անչափահասի են դանակահարել. նրան վիրահատել են
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել անչափահասների միջև։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ` փետրվարի 13–ին, դանակահարված վիճակում Վնասվածքաբանության և օրթոպետիայի գիտական կենտրոն է տեղափոխվել Երևանում բնակվող մի պատանի։
Նրա` հիվանդանոց տեղափոխվելուց հետո բուժհաստատություն են եկել ոստիկանության ծառայողները։ Ըստ շրջանառվող լուրերի՝ անչափահասի վնասվածքը ոչ թե պատահականության կամ կատակի հետևանք է, այլ նրան դանակահարել են։
Լուրեր են շրջանառվում, որ տուժածի և նրա հասակակից մեկ այլ պատանու միջև վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում մեկը դանակահարել է մյուսին։
Վնասվածքաբանության և օրթոպետիայի գիտական կենտրոնից հայտնել են, որ տղան վիրահատվել է, նրա կյաքին վտանգ չի սպառնում։
Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի սաներ են։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները ։