Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է 30մլն. ՀՀ դրամ գումար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, յուրացում և կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության կատարման մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին:
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, տիրապետելով մարդկանց վստահությունը ձեռք բերելու և հեշտությամբ մոլորության մեջ գցելու հոգեբանական հնարքներին, որոշել է խաբեությամբ հափշտակություններ կատարել, իսկ որպես զոհ ընտրել և թիրախավորել է ամուսնալուծված կամ միայնակ ապրող կանանց:
Իր մտադրությունն իրագործելու համար նրանց հետ հիմնականում ծանոթություն է հաստատել «Ֆեյսբուք» և «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքերի միջոցով, որի ժամանակ ներկայացել է իբրև պետական պաշտոնատար անձ և վստահելի անձնավորության տպավորություն թողնելու նպատակով՝ ամուսնանալու, ընկերակցելու, սոցիալական և բնակարանային պայմանները բարելավելու կեղծ խոստումներ տալով, բնակարանի ձեռքբերման շինծու պատրվակով, չարաշահելով թվով 14 կանանց վստահությունը՝ 2017-2019 թթ. ընթացքում կատարել է 18 դրվագ ուրիշի գույքի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ՝ ընդհանուր առմամբ հափշտակելով շուրջ 30.000.000 ՀՀ դրամ գումար:
Այնուհետև, որպեսզի խաբեությամբ հափշտակված գումարներն օրինականացնի, իր ազգականներին, ծանոթներին ու մտերիմներին հաշվառել է վճարային համակարգերից մեկում և տիրապետելով մուտքանվանն ու գաղտնաբառին՝ բջջային հեռախոսի հավելվածի միջոցով անձամբ տնօրինել է նրանց հաշվառման հաշիվները, որոնց էլ տուժող կանայք փոխանցել են գումարները:
Արդյունքում՝ հաշիվներին փոխանցված գումարները զանազան բանկային գործարքների կատարման, այն է՝ գումարը հաշվից հաշիվ փոխանցելու, ապա՝ կանխիկացնելու եղանակով հափշտակել է:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին մասով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (տասը դրվագ), 179-րդ հոդվածի (յուրացում) 2-րդ մասի 3-րդ կետով (մեկ դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (չորս դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 4-րդ կետով (մեկ դրվագ):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տիրապետելով մարդկանց մոլորության մեջ գցելու հոգեբանական հնարքներին՝ որպես զոհ ընտրել և թիրախավորել է ամուսնալուծված կամ միայնակ ապրող կանանց և խաբեությամբ հափշտակություններ կատարել
Опубликовано ՀՀ Քննչական Կոմիտե Среда, 19 февраля 2020 г.