Ամուսիններ են ձերբակալվել Լոս Անջելես — Մոսկվա չվերթի ուղևորուհուց 40 հազար դոլար հափշտակելու կասկածանքով
Ամուսիններ են ձերբակալվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում՝ Լոս Անջելես — Մոսկվա չվերթի ուղևորուհուց 40 հազար դոլար հափշտակելու կասկածանքով:
Ինչպես ТАСС-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից՝ հափշտակված գումարը նրանք թաքցրել են սպորտային կոշիկներում և բաճկոնների ներսի գրպաններում:
Նշվում է, որ ՀՀ քաղաքացի մի կին է դիմել Շերեմետևո օդանավակայանում գտնվող ՆԳՆ հերթապահության բաժին` խնդրելով օգնել իրեն գտնել պայուսակը, որում 40 000 դոլար է եղել:
Նա իր պայուսակը թողել էր Լոս Անջելես — Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Ոստիկանությունը ստուգել է օդանավը, բայց ոչինչ չի հայտնաբերել:
Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում կասկածի տակ է հայտնվել երևանցի ամուսնական մի զույգ, որը նստած էր տուժողի կողքին:
Թռիչքի սպասարկող անձնակազմի անդամները նշել են, որ պայուսակի տիրոջ դուրս գալուց հետո նրա հարևանները որոշ ժամանակ մնացել են իրենց տեղերում:
«Շուտով կասկածյալները հայտնաբերվել և ձերբակալվել են և ուղեկցվել հերթապահ բաժանմունք՝ դեպի Հայաստան թռիչքի գրանցվելիս: Կինը դժվարությամբ էր տեղաշարժվում՝ վկայակոչելով առողջական վիճակը, սակայն պարզվել է, որ սպորտային կոշիկներում թաքցված են թղթադրամներ, որոնք էլ խանգարել են նրան նորմալ քայլել: Գումարի երկրորդ մասը հանվել է ամուսնու բաճկոնի ներսի գրպանից», — հայտնել են մամուլի ծառայությունից:
Քրեական գործ է հարուցվել «Առանձնապես խոշոր չափերի հափշտակության» հոդվածով: