Չարաշահումներ՝ Ույծի համայնքի միջնակարգ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել տնօրենին
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել «Ույծի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, հիշյալ պաշտոնը զբաղեցնելով 1999 թվականից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, նպատակ ունենալով յուրացման եղանակով պետությունից գումարներ հափշտակել, համայնքի երկու բնակիչների աշխատանքի է ընդունել, ովքեր, սակայն, չեն կատարել իրենց պարտականությունները, իսկ ստացած աշխատավարձը յուրաքանչյուր ամիս ամբողջությամբ տվել են դպրոցի տնօրենին:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում, դպրոցի տնօրենի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում, ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ ընդհանուր 1.331.664 ՀՀ դրամ գումարը: