Ամերիկյան իշխանությունները երկուշաբթի օրվանից կկարողանան գործել ԱՄՆ-ում մշտական կացության թույլտվության (գրին քարտ) տրամադրման նոր կարգերի շրջանակում, այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նոր կարգերը պահանջների խստացում են նախատեսում պետական նպաստների ակնկալիք ունեցող դիմումատուների նկատմամբ:
«Ներքին անվտանգության նախարարությունը կկարողանա նոր օրենսդրությունը կիրառել երկուշաբթի: Դրա համաձայն՝ մեր հասարակության նոր անդամները պետք է ֆինանսապես ինքնուրույն լինեն»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդ տարվա հոկտեմբերին կասեցվել էր ԱՄՆ վարչախմբի որոշումը, որը կօգներ միգրացիոն ծառայություններին մերժել ցածր եկամուտ ունեցող, գրին քարտ շահած կամ վիզա ստանալու համար դիմած միգրանտներին, որոնք կառավարության կարծիքով, կարող են ԱՄՆ հարկատուների համար ծանր բեռ դառնալ: