ԵՍ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՆԵԼՈՒ ՈՉ ԹԵ ՈՐՊԵՍ ՄԱՐԶՊԵՏ, ԱՅԼ՝ ՔՊ ԶԻՆՎՈՐ

Zinvor

Հարցազրույց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ

— Պարոն Պետրոսյան, մասնակցո՞ւմ եք արդյոք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին, ի՞նչ տրամադրություններ են իշխում Ձեր ղեկավարած մարզում։

— Մեր մարզի քաղաքացիները բավական իրավագիտակից են եւ քաղաքական գործընթացները բավականին խորքային են ընկալում։ Ես սա կարող եմ վստահ ասել՝ աշխատելով համայնքներում, ճանաչելով իմ մարզի ժողովրդին, քաղաքացուն։ Իսկ քարոզարշավին իմ մասնակցությունը լինելու է բացառապես օրենքի շրջանակներում՝ որպես «Քաղպայմանագրի» վարչության անդամ, որպես «Քաղպայմանագրի» զինվոր, մարզպետի լիազորություններից դուրս ժամանակամիջոցում եւ բացառապես արձակուրդային ռեժիմում։

— Այսինքն՝ մեկ ամսից ավելի պատրաստվում եք արձակո՞ւրդ գնալ։

— Ես հերթական արձակուրդ ունեմ եւ վերջերս բավական երկար ժամանակ չեմ վերցրել․ այո, գնալու եմ արձակուրդ եւ քարոզարշավի կուլմինացիոն շրջանում, որպես ՔՊ անդամ, համահիմնադիր, կուսակցական գործիչ, մարզպետի լիազորություններից դուրս կարգավիճակում կմասնակցեմ քարոզարշավի մի շրջանի, ամբողջին հասկանալի է․․․ Դուք գիտեք, որ հիմա էլ է քարոզարշավի փուլ, բայց կոնկրետ ես չեմ առնչվում, չեմ զբաղվում, ես այս պահին մարզպետի կարգավիճակից բխող գործունեություն եմ ծավալում, իսկ աշխատանքից դուրս՝ երեկոյան ժամերին, կարող է եւ քաղաքական հանդիպումներ կազմակերպվեն եւ այլն, բայց այս պահին, վստահեցնում եմ՝ քարոզարշավ չենք իրականացնում։

— Հասկանալի է, որ օրենքը լավ գիտեք, գիտեք, որ չեք կարող քարոզչություն անել մարզպետի լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս, բայց եղեք անկեղծ․ Ձեզ որպես ՔՊ զինվո՞ր մարդիկ կընդունեն, թե՞ որպես մարզպետ։

— Ես գիտեի, որ Դուք այդ հարցը կտաք (ծիծաղում է)։ Հարցի պատասխանը միանշանակ է, ես՝ ինքս, որպես մարզի բնակիչ, մարզի քաղաքացի, շատ երկար ժամանակ ընդդիմադիր գործունեություն եմ ծավալել մարզում։ Դեռեւս 2010-2011 թվականներին, երբ ՔՊ-ն նոր կարծրանում էր որպես հանրային հարթակ, ես մարզում, մասնավորապես՝ Աբովյան քաղաքում, որը նաեւ մի շարք քաղաքական առանձնահատկություններ ունի, միշտ հայտնի եմ եղել իմ ընդդիմադիր գործունեությամբ եւ ցանկացած քաղաքական ակցիա, օրվա իշխանության դեմ ցանկացած խաղաղ, օրինական՝ ընդվզման կենտրոնում եմ եղել։

— Հա, բայց այն ժամանակ ոչ մեկը ո՛չ Ձեզանից վախենում էր, ո՛չ էլ բան էր փոխվում, իսկ հիմա Ձեր ցանկացած խոսք, կոչ կարող է ընկալվել որպես նախազգուշացում, եթե չասենք՝ սպառնալիք, մարդիկ կմտածեն, որ Ձեր ասածը չանեն, վատ է լինելու։

— Ինչպես հիմա եմ ես Ձեզ հետ զրույցում շատ նրբանկատ ընտրում իմ խոսքերը, այնպես էլ քաղաքացիների հետ եմ զրուցելու։ Ես պատահական չասացի, որ Կոտայքի մարզում քաղաքացիական, իրավագիտական բարձր գիտակցում կա քաղաքացիների մոտ, եւ այսօրվա քաղաքական իրողությունների ֆոնին որեւէ մեկը որեւէ գործչից չի վախենում, որովհետեւ ունենք օրենքի գերակայություն, պետական ինստիտուտներ, գործող, կենսունակ իրավապահ համակարգ, մասնավորապես՝ մեր մարզում, ինչի արդյունքը մեր մեկուկես-երկու տարվա ջանքն է եղել։

— Վերջին տարիներին մենք տեսել ենք, թե ձեր մարզում ժողովրդի այդ բարձր իրավագիտակցությունն ում կողմն է, համենայնդեպս, իշխանության օգտին չէ, Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը մարզում մեծ է։

— Դուք խեղաթյուրում եք փաստերը, 2018 թվականի ընտրություններին ՔՊ-ն, վերջին շրջանի հետ համեմատած, ամենաբարձր ընտրական արդյունքն է ստացել։

— Այո, բայց Կոտայքն ավանդաբար գտնվել է Ծառուկյանի, ԲՀԿ-ի ազդեցության ներքո, վկան էլ՝ Աբովյանի ընտրությունը։

— Իմ ռեյտինգային ձայներն ավելի շատ էին վերջին ընտրություններում, քան ամբողջ ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների ձայները միասին վերցրած, իսկ եթե խոսքն Աբովյանի մասին է, ապա եկեք այդ մասով որեւէ քոմենթ չանենք, ես իմ գնահատականները հնչեցրել եմ։

— Ձեր կուսակցի հետ հակասությունների պատճառո՞վ չմասնակցեցիք այդ գործընթացին։

— Ես արդեն ասացի։

— Դուք հիմա ուզում եք ասել, որ Ձեր մարզի բնակիչներն իսկապե՞ս ուզում են, որ Սահմանադրության 213 անցումային դրույթը չեղյալ համարվի։
— Իրականում մեր քաղաքացիների շրջանում, այո, գերիշխող է այն հատվածը, որը գիտակցում է այդ պրոցեսների ամբողջ լրջությունն ու խորքայնությունը։ Մի ստվար զանգված էլ ոչ միայն գիտակցում է դա, այլեւ շատ ողջունում է, որ դա չգնաց ԱԺ-ի միջոցով լուծելու ինստիտուցիոնալ ճանապարհով, ինչը մենք կարող էինք, այլ, ելնելով Սահմանադրության 2-րդ հոդվածից, որ իշխանությունը պատկանում է մեր ժողովրդին, եւ դա փոփոխման ենթակա չէ, վերապահվեց ժողովրդին՝ որպես իշխանության բարձրագույն մարմին իրացնող ինստիտուտ։

— Այսինքն, եթե պարզ խոսենք, Ձեզ մոտ կարծում են, որ Հրայր Թովմասյանի եւ եւս 6 դատավորի ազատումը պաշտոններից իրենց կյանքում վճռորոշ նշանակությո՞ւն է ունենալու։

— Իմ մասնավոր զրույցներից կարող եմ բառացի փոխանցել՝ այո, գիտակցում են հանրաքվեի անհրաժեշտությունը, «այո»-ի հաղթանակի պարագայում փոփոխությունների կարեւորությունը մեր պետության ամրացման եւ հետագա գործունեության իրացման դրույթում։

— Այսինքն, Դուք քարոզչություն չե՞ք անելու նախկիններին թիրախավորելով, ասելով, որ ՍԴ-ն նախկինների վերջին բաստիոնն է, որից ազատվել է պետք, եւ նման այլ կարգախոսներով։

— Ես չեմ կարող կարգախոսների, լոզունգների մասին ասել, դրանցով զբաղվում է կենտրոնական շտաբը։

— Իսկ արդարացվա՞ծ եք համարում նշածս լոզունգներով քարոզչությունը, որն արդեն կիրառվում է։

— Ախր, որ ասում եք՝ նախկիններին թիրախավորել, ի՞նչն է թիրախավորումը, եթե մեր մարզում 4 տասնյակ քրեական գործեր կան հարուցված՝ նախկին իշխանությունների օրոք համայնքապետերի կողմից թույլ տված յուրացումների ու վատնումների։ Այսինքն՝ եթե «նախկինը» դրա մասին է, ուրեմն արդարացված է։ Եթե նախկինների օրոք գյուղերում ասում էին՝ փող չկա, բյուջե չկա, բայց նախկինների դաբրոներով 20-25 տարի վերարտադրված համայնքապետերն ապարանքներ են կառուցել, իսկ մենք 2 տարվա մեջ այդ գյուղերում մանկապարտեզներ ենք կառուցում, ապա ինչպե՞ս կարելի է թիրախավորում կոչել։ Այն նախկինների, ովքեր վերարտադրվում էին Կոտայքի հեռավոր գյուղերում 70-80 տոկոս ձայներով, բայց այդ նույն գյուղեր մարզպետները 10-15 տարին մեկ էին գնում, կամ ա՞յն նախկինների, որոնք 20 տարի իշխել են ու 400 հեկտար հող ունեն, ու էսպես պետությունը կրակն է ընկել նրանց ձեռքը, որովհետեւ քրեական գործեր կան հարուցված, բայց քանի որ սեփականության իրավունքն անձեռնմխելի է, ուստի այդ փաստական հանգամանքները թույլ չեն տալիս ոչ մի կերպ էդ հողերը վերադարձնել համայնքին եւ պետությանը։ Եթե էդ նախկինների մասին եք խոսում, դե, կներեք, էլի․․․

Ձեզ կհետաքրքրի...