ՆԱՏՕ-ն Թուրքիայի դիմումով այսօր արտահերթ նիստ կանցկացնի Իդլիբի հարցով

Natoi artahert nist

Փետրվարի 27-ին Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիացիոն հարվածներից սպանված թուրք զինծառայողների թիվն այս պահի դրությամբ [28.02.2020 11:00], պաշտոնական տվյալներով, 33 է։

Կորուստների պաշտոնական տվյալները հայտարարել է Թուրքիայի հարավային (Սիրիային սահմանակից) Հաթայ նահանգի ղեկավար Ռահմի Դողանը։ Բացի սպանվածներից կա նաև 32 վիրավոր (առայժ հայտնի տվյալներով), որոնք տեղափոխվել են Հաթայ և Ռեյհանլը շրջանների հիվանդանոցներ։ Դողանը նշել է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորներին այցելել են Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, ցամաքային ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարը և ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուքաքյուզը։

10:40 Թուրքիայի դիմումի համաձայն ՆԱՏՕ֊ն արտահերթ նիստ կանցկացնի այսօր՝ Իդլիբում իրավիճակի քննարկման համար։

10:20 Թուրքական Habertürk հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարվեց, որ այսօր նախատեսվում է Էրդողան֊Թրամփ հեռախոսազրույց։

09:40 Սիրիայի կառավարական ուժերին աջակցող Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Իդլիբի Բեհուն բնակավայրում ավիահարվածների մասին հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ռուսական ավիացիան չի գործել։ Բացի այդ՝ Սիրիայի բանակի ավիահարվածներն ուղղված են եղել «Հայաթ Թահրիր ալ Շամ» (Ջեբհաթ ալ Նուսրա) ահաբեկչական կազմակերպության դիրքերին, այլ ոչ Թուրքիայի զինված ուժերի։ Ըստ աղբյուրի՝ թուրքական կողմից ռուսական «Փախստսկանների տեղաշարժի վերահսկողության և հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնին» տրված կոորդինատների համաձայն թուրք զինծառայողները չպետք է ընկնեին Սիրիայի բանակի հարվածների տակ։

06։00 Ուշագրավ է, որ նախորդող գիշերվանից հետո ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությունն առավոտյան ժամը 06։00֊ին հայտնել է, որ ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ ղեկավարման պետ գեներալ֊գնդապետ Սերգեյ Ռուդսկինը և օդադեսանտային ուժերի հրամանատար գեներալ֊գնդապետ Անդրեյ Սերդյուկովը Սիրիայում գործողությունների համար պարգևատրվել են «Ռուսաստանի հերոս» շքանշանով։

Նախորդ ամբողջ գիշերը Թուրքիայում չհայտարարված արտակարգ դրություն է եղել։ Իդլիբում ավիահարվածներից Թուրքիայի զինված ուժերի կորուստերից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որը մոտ 6 ժամ է տևել, սակայն նիստից հետո որևէ պաշտոնական հայտարարություն առայժմ չկա։

Անվտանգության նիստից հետո Սիրիայի սահման են մեկնել նախարար Հուլուսի Աքարը, ցամաքային ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարը և ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուքաքյուզը։

Գիշերը Թուրքիայում ՌԴ հյուպատոսարանի մոտ բողոքի ակցիա էր սկսել, իսկ երկրում դադարեցվել էր սոցցանցերի, այդ թվում՝ Twitter֊ի, Facebook֊ի, Instagram֊ի հասանելիությունը։

Թուրքիայում հայտարարել են, որ այս հարվածներն անպատասխան չեն մնալու, բացի այդ, Թուրքիան թույլ է տալու, որ Սիրիայի փախստականները անցնեն Եվրոպա։ Թուրքական աղբյուրները նույնիսկ տարածեցին տեսանյութ, որտեղ իբրև երևում է, թե ինչպես են փախստականները գնում դեպի Հունաստան։

Երկրում ընդդիմադիր «Հանրապետաժողովրդական» (ՀԺԿ / CHP) կուսակցությունը կոչ է արել Իդլիբում իրավիճակի շուրջ Թուրքիայի ԱԺ փակ նիստ հրավիրել։

Իդլիբում Թուրքիայի ԶՈւ կորուստների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ԱՄՆ֊ն աջակցում է ՆԱՏՕ անդամ Թուրքիային, իսկ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել վերջ դնել Իդլիբում հակամարտությանը։

Այս ընթացքում Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ խոսել են ՆԱՏՕ և ԱՄՆ մի քանի անձանց հետ։ ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ, ՊՆ Հուլուսի Աքարը խոսել է ԱՄՆ ՊՆ Մարք Էսփերի հետ, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ զրուցել է ԱՄՆ նախագահի Ազգային ավնտանգության հարցով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանի հետ։

ԷՐԴՈՂԱՆ֊ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Վերջին մի քանի օրերին հայտարարվում էր, որ մարտի 5-ին նախատեսվում է Էրդողան֊Պուտին հանդիպում, սակայն նախօրեին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը չի նախատեսում հանդիպել Էրդողանի հետ, այդ օրն «աշխատանքային այլ պլաններ ունի»։

Հանդիպման մասին խոսել էր նույնիսկ Էրդողանը և նշել, որ հանդիպման օրը գրեթե համաձայնեցված է, մնաել է միայն տեղն ու ձևաչափը որոշել։

 

 

 

 

razm.info

Ձեզ կհետաքրքրի...