ԱԱԾ-ն մաքրվելու է դավաճաններից, սպայի պատիվն արատավորողներից. Էդուարդ Մարտիրոսյան

kazatvenq davachanneric

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ԱԱԾ-ում ինքնամաքրման գործընթաց  է լինելու, ծառայությունը մաքրելու են դավաճաններից: Մարտիրոսյանը այս մասին վստահեցրեց ՀՀ Ազգային ժողովում ԱՊՀ երկրների ահաբեկչության դեմ պայքարի հարցում տեղեկատվության փոխանակմանն առնչվող համաձայնագրի քննարկմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին:

Պատգամավորը հիշեց, որ փետրվարի 26-ին ՀՀ վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ նախկինում իրավապահ համակարգում եղել են դավաճաններ, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին և առաջնորդվել են այլ հաշվարկներով ու հանձնարարություններով: Գորգիսյանը հետաքրքրվեց, թե ԱԱԾ-ն արդյոք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկե՞լ է, բացահայտվե՞լ են արդյոք դավաճանները:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը արձագանքեց՝ դա ընթացիկ գործընթաց է, որը պարբերաբար ԱԱԾ-ում արվում է: «Մենք կմաքրվենք այն անձանցից, որոնց պետք է մաքրենք, ինքնամաքրման գործընթացով ենք զբաղվելու, ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»,-վստահեցրեց նա:

Գորգիսյանը հստակեցրեց հարցը՝ խոսքը վերաբերվում էր կոնկրետ կոռուպցիայի դեմ պայքարում խոչընդոտ ստեղծած անձանց: Մարտիրոսյանը պատասխանեց՝ հենց դրա մասին ունենան տվյալներ, կտեղեկացնեն:

Փետրվարի 26-ին  կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություներով: «Բայց հարցս հետևյալն է. արդյոք կարո՞ղ ենք երաշխավորել, որ հենց այսօր իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք՝ սկսած քննչական գործողություններից, շարունակած օպերատիվ-հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ»,- ասել է վարչապետը:

Ձեզ կհետաքրքրի...