«Ցավալի է, որ դեռ կան քաղաքապետներ, որոնք շարունակում են հին, արգահատելի և անընդունելի աշխատաոճը»․ Կոտայքի մարզպետ
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը
– Պարո՛ն Պետրոսյան, Աբովյանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ սեփականության իրավունքի հետ կապված։ Այս խնդիրը բարձրաձայնում էիք դեռ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ։ Ձեր տված տվյալների հիման վրա՞ են իրավապահները գործի անցել։
– Անցյալ տարի նախքան Աբովյանի քաղաքապետի ընտրությունները Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը վարչական վերահսկողությունն էր իրականացրել Աբովյանի քաղաքապետարանում, ընդ որում՝ դա հերթական ուսումնասիրությունն է եղել, այսինքն՝ որևէ կերպ կապ չուներ ընտրությունների հետ։
Այդ ժամանակ վեր հանվեցին փաստեր, որ իրականացվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ, որոնք չունեն փաստաթղթավորում։ Խոսքը մի քանի բազմաբնակարան շենքերի մասին էր, որն առնվազն տարօրինակ էր մեր օրերում օրենքի գերակայության երկրում։
Սա, ըստ էության, հանդուգն գործընթաց էր, որը կարծես թե որևէ կերպ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց և ի դեմս քաղաքապետի՝ որպես համայնքի ղեկավարի կողմից որևէ կերպ չէր փաստաթղթավորվել։ Եվ ահա այդ դրվագը ֆիքսվել էր մեր վարչական վերահսկողության վերջնական արձանագրության մեջ։
Ինչպես ընթացակարգն է ենթադրում, դա փոխանցվել էր համայնքին մեր նկատառումներով։ Եվ իհարկե, դրա հետ մեկտեղ նաև մի շարք այլ ոլորտներում ևս առերևույթ իրավախախտումներ էին հայտնաբերվել, և այդ ամբողջ փաթեթը փոխանցվել էր մարզի դատախազին։ Այդ տվյալների հիման վրա քրեական գործ էր հարուցվել։
Ամիսներ անց մենք ևս մեկ անգամ քաղաքապետին հիշեցրեցինք վարչական ակտի մասին, որ շինարարությունները շարունակվում են, սակայն՝ դարձյալ անօգուտ։ Դրանից հետո ես արդեն իմ գրությամբ քաղաքաշինության տեխնիկական և հակահրդեհային տեսչության մարզային կառույցի ուշադրությունը հրավիրեցի այդ լայնամասշտաբ ապօրինի կառուցապատումների վրա և առաջարկեցի ուսումնասիրություններ կատարել։
Այդ ուսումնասիրությունների արդյունքում արդեն ավելի մեծ ծավալներով խախտումներ հայտնաբերվեցին, որովհետև փետրվարից մինչև հունիս շինարարության ծավալներն էականորեն տարբերվել էին, և փաստաթղթավորման առումով որևէ գործընթաց չէր արվել։
Տեսչական մարմինը ևս ստուգեց, ակտավորեց և դարձյալ այն ուղարկեց մարզի դատախազին։ Մարզի դատախազությունից քրեական գործ հարուցելը մերժելու գրություն է ստացվել տեսչական մարմնին։ Դա բողոքարկվել է, որից հետո արդեն քրեական գործ է հարուցվել գլխավոր դատախազի ցուցումով։ Գլխավոր դատախազության հարուցած գործը ուղարկվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Բացի այդ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք աշխատանքային հանդիպումների ընթացքում աշխատանքային խումբ ենք ձևավորել, և առաջարկվել է քաղաքապետին իր լիազորությունների շրջանակում դադարեցնել ապօրինի կառուցապատումները, օրինականացնել դրանք, եթե հնարավոր է, իսկ անհնարինության դեպքում՝ վերացնել դրանց հետևանքները։ Դա ՏԻՄ օրենքով համայնքի ղեկավարի պարտականությունն է։ Այդպիսի լայնամասշտաբ ապօրինի կառուցապատումն անթույլատրելի է։ Դե արդեն այսօրվա մամուլի հաղորդագրությամբ տեսաք, որ մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին։
– Հնարավո՞ր է՝ ձեզ մեղադրեն քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ, քանի որ Աբովյանի քաղաքապետը ձեր թիմից չէ, նրան ընտրություններում ԲՀԿ-ն էր աջակցում։
– Օրենքի գերակայության երկրում քաղաքաշինության բոլոր փաստաթղթերով, նաև քաղաքի գլխավոր հատակագծի փաստաթղթերով հակասության մեջ է մի ամբողջ շինհրապարակ։ Այս դեպքում ի՛նչ քաղաքական հետապնդման մասին կարող է խոսք լինել։
Մեր քաղաքական թիմից էլ բազմաթիվ դեպքեր կան, որ ապօրինի գործունեության, առերևույթ չարաշահումների դեպքում մենք շատ խիստ իրավական գնահատականի ենք արժանացնում։ Ես չեմ ուզում հիմա անուններ տալ, նաև անմեղության կանխավարկածը հարգելով, բայց ինքներդ էլ ականատեսն եք, որ օրենքի առջև հավասար ենք բոլորս։ Այո՛, մենք այդ արժեհամակարգի, այդ տեսլականի կրողն ենք, նաև օրենքի գերակայության երկրի զինվորներն ենք։
Կարևոր չէ քաղաքական թիմի պատկանելությունը, եթե ակնհայտ իրավախախտումներ են տեղի ունենում, և մարդիկ թքած ունեն օրենքի ու օրինականության վրա։ Եթե մի փոքրիկ ավտոտնակի ապօրինի կառուցապատման դեպքում վարչական ակտեր են կազմվում, ապա ի՞նչ է նշանակում մեկ տասնյակից ավելի ապօրինի բազմաբնակարան շենքերի կառուցապատումը չտեսնելու տալը։
Եվ սա այն դեպքում, երբ մարզպետարանի աշխատակազմի վարչական վերահսկողության արդյունքում են դրանք վեր հանվում, ուղարկվում դատախազություն։ Բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք արդեն փոխանցվել են նախաքննությունն իրականացնող մարմին։
Բազմաթիվ անգամ մարզպետն առաջարկել է համայնքի ղեկավարին անմիջապես կասեցնել ապօրինի աշխատանքները և օրինականացման գործընթաց սկսել։ Մենք չենք խանգարում կառուցապատողին, մենք ասում ենք՝ օրենքով սահմանված ընթացակարգերից հետո միայն բազմաբնակարան շենքեր կառուցեք։ Գուցե սեյսմիկ ռիսկի առումով խնդիրներ ծագեն հետագայում, գուցե ձեր կառուցապատումը հակասում է քաղաքաշինական նորմերին։ Իսկ երբ ավարտական ակտի ժամանակը գա և սեփականության վկայականները տրամադրելու լինեն, առանց շինթույլտվության, առանց պրիմիտիվ քաղաքաշինական փաստաթղթավորման ինչպե՞ս կարող են շահագործման հանձնել բազմաբնակարան մի ամբողջ համալիր։
Բացի այն, որ օրենքով ես պարտավոր եմ բարձրաձայնելու, իրազեկելու և իրավական գնահատականի արժանացնելու, նաև զուտ անձնական տարակուսանք է առաջացնում, թե ինչպե՞ս են մարդիկ շարունակում այդպես գործել մի երկրում, որտեղ արդեն օրենքը գործում է, և օրենքի գերակայություն է հաստատված։
– Հնարավո՞ր է, որ ինչ-որ պահից Աբովյանում լինեն արտահերթ գործընթացներ։
– Կանխատեսումներ չեմ ուզում անել, բայց ես այդ մասին բազմիցս խոսել եմ։ Այն, որ Աբովյանի նման քաղաքում վերընտրված քաղաքապետին մեղադրանք է առաջադրվում, ինձ համար նաև ինչ-որ առումով ցավալի է։ Ցավալի է, որ մեր երկրում դեռ կան քաղաքապետներ, նոր քաղաքական իրողությունների ֆոնին վերընտրված քաղաքապետներ, որոնք շարունակում են հին, արգահատելի և անընդունելի աշխատաոճը։
– Պարո՛ն Պետրոսյան, որքանո՞վ են իրականությանը համապատասխանում լուրերը, թե Ծաղկաձորում հանգստացողները զանգվածաբար լքում են քաղաքը՝ հաշվի առնելով, որ «Գոլդեն փելես» հյուրանոցում են տեղավորել կորոնավիրուսով վարակակրի հետ շփված անձանց։
– Չէ՛, չկա նման բան։ Դուք տեսաք, որ վարչապետն էլ ընտանիքով այցելեց Ծաղկաձոր։ Ես նաև կապի մեջ եմ տնտեսվարողների հետ։ Մի փոքր հատված պարզապես չեղարկել է իրենց ամրագրումները։ Դա եղել է ռուսական շուկայից, բայց զանգվածաբար Ծաղկաձորը լքելու մասին լուրերն ապատեղեկատվություն են։ Դա ես կարող եմ պաշտոնապես ասել։
Մանե Հարությունյան