Կառավարությունը «Երվերելակ» ՓԲԸ-ն հանում է աճուրդի

hanvel e achurdi

Կառավարությունը թույլատրեց Պետական գույքի կառավարման կոմիտեին իր ենթակայության` 109 մլն 494 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երվերելակ» ՓԲԸ-ի (գտնվելու վայրը` ք. Երեւան, Մասիսի նրբ. 13) 100 տոկոս պետական բաժնետոմսերը (1364 հատ, յուրաքանչույրը 4427 դրամ անվանական արժեքով)  մասնավորեցնել դասական աճուրդով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 5-ի նիստում:

Որոշմամբ սահմանվեց, որ ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը և մեկնարկային գինը 100 միլիոն 299 հազար դրամ է: Սահմանվեց, որ ընկերության պարտավորությունները 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 9 միլիոն 975 հազար դրամ: Գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի: Ընկերության գործունեության ոլորտն է եղել վերելակների տեղադրումը եւ սպասարկումը:

Ընկերությունը սկսած 2014թ. գործունեություն չի իրականացնում: Ընկերությունում հաշվառվում է երկու հաստիքային աշխատող՝ տնօրեն և գլխավոր հաշվապահ կես դրույքաչափով:

«Երվերելակ» ՓԲԸ-ի շենք-շինությունների մակերեսը կազմում է՝ 3602.5 ք/մ, 207 գծամետր պարիսպ, իսկ զբաղեցրած հողատարածքը՝ 1,09426 հա:

Ընկերության բաժնետոմսերը 2012, 2013 և 2017 թվականներին համապատասխանաբար 257 միլիոն 809 հազար, 175 միլիոն 882 հազար եւ 94 միլիոն 009 հազար դրամ արժեքներով ներկայացվել են մասնավորեցման: Մասնավորեցումը չի կայացել գնորդ չլինելու պատճառով: Ընկերության պարտավորությունները 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 9 միլիոն 194,8 հազար դրամ, այդ թվում՝ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի ու աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 4 միլիոն 308,9 հազար դրամ, կարճաժամկետ կրեդիտորական պարտք ՀՀ պետական բյուջեին՝ 3 միլիոն 394,0 հազար դրամ, այլ կրեդիտորական պարտքեր 1 միլիոն 491,9 հազար դրամ:

Նախագծով առաջարկվում է կրկին ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման` աճուրդային եղանակով, բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքը` 100 299 385 դրամ:

Ձեզ կհետաքրքրի...