Գործարարի վրա կրակոցներ արձակած կասկածյալը ՀՀ սահմանն անցնելիս բռնվել է
Երեկ՝ մարտի 5-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են նույն օրը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում 36-ամյա Հ. Հարությունյանի Jeep մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած, վերջինիս հրազենային վնասվածքներ պատճառած կասկածյալի ինքնությունը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանների և քննիչների օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալ, նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Ալավերդյանը ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելիս Տաշիրի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղբյուրի տեղեկություններով՝ մարտի 5-ին հրազենի գործադրմամբ մահափորձ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 02:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 36-ամյա Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ կատարվածի մասին ի վիճակի չէր բացատրություն տալու:
Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 02:10-ի սահմաններում անհայտ անձը Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի 30 տան դիմաց ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Հ. Հարությունյանի ուղղությամբ:
Հ. Հարությունյանը եղել էր Jeep մակնիշի T 790 MB 777 RUS համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա էին եղել կրակոցի մի քանի հետքեր: Դեպքի վայրում էլ հայտնաբերվել էին ավտոմատից արձակված մեծ քանակությամբ պարկուճներ: