ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Արտակ Գալստյան
Այսօր ով կայացման խնդիր ունի, անկախ նրանից դերասան է, բժիշկ, արվեստագետ, թե սովորական ֆեյսբուքյան ֆեյք, իր սուրբ պարտականությունն է համարում անրադառնալ դատական համակարգին և դատավորներին: Ընդ որում այդ ամենը կատարում են, անգամ տարրական գիտելիքներ չունենալով իրավաբանության և դատական համակարգի մասին:
Անկեղծ ասած ինքս նույնպես, որպես իրավաբան, բազմիցս անրադարձել եմ և դատական համակարգի թերություններին, և կոնկրետ դատավորների ապօրինություններին, բայց նաև չեմ մոռացել անրադառնալ իրոք << խոսող օրենք >> դատավորներին ու չեմ զլացել գլուխ խոնարհել նրանց արդարամտության առջև:
Նշեմ նաև, որ ես երբեք ինձ թույլ չեմ տվել անրադառնալ այս կամ այն դերասանի խաղին, բժշկի կատարած վիրահատությանը, ես նույնիսկ ֆուտբոլին չեմ անրադառնում, քանի որ ուղղակի չունեմ այնքան բավարար գիտելիքներ այդ ոլորտներից, որ կարողանամ քննադատեմ կամ գովեմ:
Օրերս դիտեցի մի դերասանի անրադարձը դատական համակարգին, ԲԴԽ-ին, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններին, ընդ որում իրեն հատուկ հայհոյախառն տոնով և ոչ կոռեկտ ընդհանրական ձևակերպումներով:
Հենց այս տեսանյութն էլ ինձ ստիպեց գրել այս նյութը, ի պաշտպանություն դատական համակարգի այն նվիրյալների, ովքեր կաշկանդված լինելով դատավորի վարքագծի կանոններով, իրենք իրենց չեն կարող պաշտպանել, բայց ստանում են այն նույն թուք ու մուրը, ինչ նախկին ռեժիմի հլու հնազանդ և իմ կարծիքով հանցագործ դատավորները:
Նախ տեղեկացնեմ հանրությանը, որ արդար, անկախ, կոռուպցիայից զերծ դատարաններ ունենալու ճանապարհին չգիտես ինչու ութ միլիարդ դրամով կրճատվեց ՀՀ դատարանների բյուջեն, սա էլ այն դեպքում, երբ իշխանության այլ մարմիններ սկսեցին ստանալ աստղաբաշխական պարգևավճարներ:
Որպեսզի համեմատությունը լինի ավելի առարկայական, ապա նշեմ, որ դատավորը, որի վարույթում այս պահին առկա է մոտ 1800 գործ, ստանում է մոտ 600.000 ՀՀ դրամ աշխատավարձ, իր օգնականը մոտ 60.000-ից 80.000 ՀՀ դրամ:
Աժ պատգամավորը, մարզպետարանի, քաղաքապետարանի և այլ նախարարությունների աշխատակիցները բացի իրենց աշխատավարձներից ամեն ամիս ստանում են նաև իրենց աշխատավարձի 100%-ի չափ պարգևավճար:
Ինձ թվում է կատարած աշխատանքի, ծանրաբեռնվածության և պատասխանատվության տեսակետից դատավորի աշխատանքի հետ ՀՀ ում ոչ մի աշխատանք չի կարող համեմատվել մի պարզ պատճառով, դատավորը որոշում է ճակատագրեր, ընդ որում ամենաարդար վճռի դեպքում անգամ պարտվող կողմը մնում է դժգոհ:
Այլ կերպ ասած ցանկացած դատավոր, իր ամեն մի կայացրած վճռից հետո, ստանում է իրենից դժգոհ, մեծամասամբ իրեն անիծող մեկ հոգու:
Ավելորդ է նաև նշել, որ մեկ դատավորի վարույթում 1800 գործ, այն էլ դատավարական սեղմ ժամկետների առկայության դեպքում ոչ միայն իրատեսական չէ, այլ անմարդկային ծանրաբեռնվածություն:
Այսօր այս ռեժիմով դատական համակարգում աշխատում են և անարդարները, և ազնիվները:
Նախկին հանցագործ դատավորները միանշանակ պետք է հեռացվեն և դատապարտվեն, բայց << խոսող օրենք>>, մարդկային բարձր որակներ ունեցող նվիրյալներն էլ պարտավոր չեն լսել ամեն մի թերուսի բարբաջանքը իրենց հասցեին, հասարակությունը կարծում եմ պետք է իր պաշտպանության տակ վերցնի արդար, ազնիվ դատավորներին, ոգևորի նրաց, գնահատի նրանց ծանր, անշնորհակալ աշխատանքը:
Այսօր դատական համակարգը հեռու է իդեալական լինելուց, բայց հեղափոխությունից հետո փոխվեց ԲԴԽ կազմը, որը ի տարբերություն նախորդների թռիչքային զարգացում էր դեպի արդարադատություն, նշանակվել են բավականին խոստումնալից, երիտասարդ դատավորներ, նախկինների մի մասը, ազատվելով հանցավոր ռեժիմի ճնշումներից կայացնում են օրինական վճիռներ:
Այս ձեռքբերումները պետք է շարունակվեն, իսկ հասարակությունն էլ պետք է իր աջակցությամբ լինի այս զարգացման խթանիչ ուժը:
Իսկ թերուսներին, ոլորտից ոչինչ չհասկացողներին խորհուրդ կտամ ձեռքները հեռու պահեն դատական համակարգից և ինքնահաստատվեն այլ վայրերում:
Արտակ Գալստյան
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆԱյսօր ով կայացման խնդիր ունի, անկախ նրանից դերասան է, բժիշկ, արվեստագետ, թե սովորական…
Опубликовано Artak Galstyan / Արտակ Գալստյան Понедельник, 9 марта 2020 г.