Երբ ինձ զեկուցել են, թե ինչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ. Փաշինյան
ՀՀ վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը Տաթևում արձագանքեց այն թեզին, թե իբր ինքը մեկուսացնում է նախկին քաղաքական և պետական գործիչներին, որպեսզի Արցախը հանձնի:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ 2018 թվականի մայիսին իր առաջին քայլերից մեկն է եղել տեղեկություն ստանալ հայոց բանակի սպառազինության մասին:
«Երբ ինձ զեկուցել են, թե ինչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին էմոցիոնալ ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ, որովհետև վիճակը եղել է աղետալի: Լավ չէ, որ հիմա ասեմ, բայց, օրինակ բերեմ… Սերժ Սարգսյանն ինքն է այդ օրինակը բերել, ասել է՝ մեր տղաները կռվում են 80-ականների զենքերով: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ էր մեր բանակը 80-ականների զենքերով կռվում: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը 2018 թվականի դրությամբ ուներ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգ: Այդ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգո՞վ էիք Արցախը պահում: Այդ որ մեր զինվորներին տալիս էիք սնունդ, որի ամենալավ կիրառությունը գտել էր Մանվել Գրիգորյանը իր արջերին ու շներին կերակրելու համար: Այդ արջերի ու շների համար նախատեսված ուտելիքներո՞վ էիք մեր զինվորին պահում, որ իրենք էլ Արցա՞խը պահեին: Սերժ Սարգսյանը կյանքում զինվորների համար նախատեսված սննդից մեկ անգամ կերե՞լ է:
Երբ գնացել եմ դիրքեր 2018 թվականի մայիսին, ասել եմ՝ ինչ ուտելիք կա, բերեք այստեղ և ամեն ինչից կերել եմ` ժամուկեսից հետո այրոցքից չգիտեի ինչ անեի: Բա այս երեխաները ինչպե՞ս են զգոն կանգնելու սահմանին: Իմ առաջին հրահանգը եղել է արագ ձեռնարկել միջոցներ զինվորների սննդի կարգը և որակը փոխելու, որովհետև սնունդը մատակարարում էին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, իրենց հայտնի «ատկատներով»: Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք»,- շեշտեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը համոզված է, որ ներկայում բանակի հակաօդային պաշտպանության համակարգը բարձր մարտունակության ունի, քանի որ 2019 թվականին Հայաստանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության գերժամանակակից համակարգեր:
«Մենք ձեռք ենք բերել «Սու-30ՍՄ» գերժամանակակից կործանիչներ և էլի ենք ձեռք բերելու: Այսօր արդեն 43 զորամասում զինվորները ուտում են որակյալ և արժանապատիվ սնունդ»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին, Արամ Հարությունյանին և այլոց խորհուրդ տվեց կամավոր ետ բերել թալանած գումարները:
«Ձեր թալանածը ետ բերեք, չեք փախչի,եվրոպացիների փեշերի տակ չեք պահվի, կոպեկ առ կոպեկ պետք է բերեք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես խորհուրդ եմ տալիս կամավոր բերեք, չբերեք՝ բերման կենթարկենք: Տարբերակ չունե՛ք»,- եզրափակեց Փաշինյանը:
Բանակը թալանում էիք, որ Արցա՞խը պահեիք. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը շարունակում է «Այո»-ի քարոզարշավը Տաթև համայնքում
Опубликовано Armenpress Среда, 11 марта 2020 г.