Հրանտ Դինքի գործով անցնող նախկին սպային Թուրքիայում սպանված են գտել
Պոլսահայ մտավորական, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության պահին դեպքի վայրում լինելու պատճառով ձերբակալված թուրքական ոստիկանության հետախույզ Շերեֆ Աթեշին գտել են սպանված։
Նրան հայտնաբերել են սեփական մեքենայում, արնաշաղախ վիճակում, Դյուզջե կոչվող բնակավայրի մոտ։
Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ նա ենթարկվել է զինված հարձակման։ Թոշակի անցած նախկին հետախույզի վրա կրակել են, այնուհետ անմիջապես փախուստի են դիմել, Աթեշին հայտաբերած ականատեսների ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանական խմբերն ու շտապ օգնության ծառայությունը։
Հիշեցնենք, որ թուրքական ժանդարմերիայի նախկին հետախույզ Շերեֆ Աթեշը, որոշ պնդումների համաձայն, Հրանտ Դինքի սպանության ժամանակ կապի մեջ էր եղել սպանությունը կազմակերպող եւ իրականացնող անձանց հետ, որոնք Դինքի տան ու նրան պատկանող «Բեյազ-ադամ» գրախանութի մոտ հետեւում էին եւ ֆիքսում նրա տեղաշարժերը։
Դատաքննության ժամանակ սակայն , դատարանի որոշմամբ Աթեշը ազատ էր արձակվել, քանի որ վերոնշյալ պնդումները հերքվել էին ու բավարար ապացույցներ չէին ներկայացվել: