Կունենանք այնպիսի վարկատեսակ, որը բիզնեսին թույլ կտա չունենալ արժութային ռիսկ. Գրիգորյան

biznes

Կառավարությունը բիզնեսին աջակցելու փաթեթը այսօրվանից դրել է հանրային քննարկման: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության նիստում ներկայացրեց, որ փաթեթի նպատակն է կորոնավիրուսի և այսօրվա շուկայի սպառման անկանոն վիճակի նվազման դեպքում ունենալ ֆինանսավորման բարձիկներ: Դրանք հնարավորություն կտան տնտեսվարողներին՝ օգտագործել սպառման ռեժիմի ժամանակահատվածը՝ անցնելով այն առանց էական վնասների:

«Ձևավորել ենք վարկային պրոդուկտների 3 հիմնական շարք, որը ենթադրում է վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում: Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների  խնդիրներն այս իրավիճակում՝ լինելու է կա՛մ ապահովման միջոցի անբավարարություն, կա՛մ արժութային ռիսկ՝ այսինքն՝ դրամով վարկերի դեֆիցիտ կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ, կարծում եմ, լուծել ենք. համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և տոկոսադրույքի սուբսիդավորում: Կարծում եմ՝ կունենանք այնպիսի վարկատեսակ, որը բիզնեսին թույլ կտա չունենալ արժութային ռիսկ, բայց թե՛ պահպանել աշխատակիցներին, թե՛ ընթացիկ խնդիրները լուծել»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ծրագրով առաջարկում ենք ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսի համար, որի էությունը հետևյալն է. «50 տոկոս ֆինանսավորման իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, իսկ մինչև 50 տոկոսը ֆինանսավորում է Կառավարությունը: Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է Կառավարությունը: Տնտեսվարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ»:

Ձեզ կհետաքրքրի...