Հրդեհ ՀՀ կառավարության մասնաշենքի սենյակներից մեկում
Մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:44-ին: Մասամբ այրվել են աշխատասենյակի (20 քմ) գույքը (գրասեղան, պահարան, համակարգիչ, տպիչ, հեռախոս), շերտավոր վարագույր, մանրահատակ և ջերմահարվել՝ մեկ պատուհան:
Կան ծխահարված աշխատակիցներ: Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկն անվտանգության 8 աշխատակցի ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել: