ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մեկուսացման եւ ինքնամեկուսացման պահանջները խստացնող օրինագիծը

Orinagicy yndunvec

Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո խորհրդարանական խմբակցությունները առաջարկություններ են արել։ Այդպիսով, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1823 հոդվածում 8-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանաված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»։

Նախատեսված տույժին ենթարկվելուց հետո մեկ օրվա ընթացքում արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնների խախտման տարածած հրապարակումը չվերացնելը կրկին տուգանքի նշանակում է ենթադրում՝ նվազագույն աշխատավարձի հինգարյուրապատիկից հազարապատիկի չափով։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով»,- շարունակեց ներկայացնել Ռուստամ Բադասյանը։

Ըստ նախարարի՝ օրենսգրքում կսահմանվի նաև մեկուսացման ու ինքնամեկուսացման սահմանները։ Ըստ դրա մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի, կամ նրանց հետ շփված անձանց, կոնտակտավորների առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով։ Իսկ ինքնամեկուսացում՝ անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի, կամ նրանց հետ շփված անձանց, կոնտակտավորների առանձնացումը իրենց մշտական բնակության կամ նախընտրությամբ մեկ այլ վայրում ՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով։

Առաջարկվում է լրացնել Քրեական օրենսգրքի 277.1-ին հոդվածը հետևյալ բովանդակությամբ՝ «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով առավելագույնը 1 ամիս ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։

Արդարադատության նախարարը պարզաբանեց նաև, թե ինչ է նշակում արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները։

Ազգային ժողովն ընդունեց նախագծերի փաթեթը:

Խորհրդարանը նախագծերի փաթեթն ընդունեց 117 կողմ ձայներով։

Ձեզ կհետաքրքրի...