Վարորդական վկայականի ստացման նոր կարգ կսահմանվի.

Nor karg

 Կառավարությունը մարտի 26-ին որոշում կընդունի վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Նախագծի մշակումը պայմանավորված է գործող որոշումը Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի և գործող օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Փոփոխություններ կլինեն թե՛ տեսական քննության հարցաշարերի քանակում, քննության ժամանակում, թե՛ գործանական քննության՝ վարումների վայրերի ու ժամանակի հարցերում:

Մանրամասները՝ ստորև

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ 
ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով կարգավորվում են վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայական (այսուհետ` վարորդական վկայական) տալու (այդ թվում` վարորդական վկայականը փոխանակելու և կորած վարորդական վկայականի կրկնօրինակ տալու) և դրա հիման վրա միջազգային վարորդական վկայական տալու գործընթացները:
  2. Սույն կարգի իմաստով քննական մարմին է համարվում ճանապարհային ոստիկանության վարչական մասը և տարածքային այն ստորաբաժանումը, որն օժտված է համապատասխան լիազորություններով:
  3. Վարորդական վկայական տրվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված տարիքը լրացած անձանց` «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» և «T» կարգերի ու «AM», «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար:
  4. Վարորդական վկայականը տրվում է քննական մարմնի կողմից`

1) «A», «B», «C», «D» կարգերի ու «AM», «A1», «B1», «C1», «D1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար` տեսական և գործնական քննությունների արդյունքների հիման վրա.

2) «BE», «CE», «DE» կարգերի ու «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար, ինչպես նաև որևէ կարգի կամ ենթակարգի վարորդական վկայական ունեցող անձի կողմից այլ կարգի կամ ենթակարգի (բացառությամբ «D» կարգի և «D1» ենթակարգի) տրանսպորտային միջոց վարելու համար` գործնական քննության արդյունքի հիման վրա.

3) «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու համար` տեսական քննության և այդ կարգի տրանսպորտային միջոց շահագործող կազմակերպությունների կողմից տրված գործնական քննությունը դրական հանձնելու մասին տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքի ձևը սահմանում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի ղեկավարը՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով»:

  1. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը:
  1. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

  1. Որակավորման տեսական և (կամ) գործնական քննությունների ընդունումը տարբեր քննական մարմիններում արգելվում է:
  2. Քննական մարմինները թույլ չեն տալիս անձին մասնակցել որակավորման քննություններին, եթե անձը հաշվառված է թմրաբանական կամ հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում (այդ թվում էլեկտրոնային):
  3. Վարորդական իրավունքի վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու) համար դիմած անձին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1․3-րդ և 1․7-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ուղարկում են պոլիկլինիկական հաստատություն` հայտնաբերված հիմքի կապակցությամբ սահմանված կարգով բժշկական հավատարմագրում անցնելու համար, որի դեպքում՝

1) եթե բժշկական հավատարմագրման արդյունքում տրված տեղեկանքով վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու) համար դիմած անձի մոտ հայտնաբերվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցում, ապա դիմած անձին չի թույլատրվում մասնակցել որակավորման քննություններին (վարորդական վկայականը չի փոխանակվում կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակը չի տրամադրվում).

2) բժշկական հավատարմագրման արդյունքում տրված տեղեկանքով վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու) համար դիմած անձի մոտ հայտնաբերվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցում կամ սահմանափակում, ապա որակավորման քննությունները ընդունվում են ցուցումին կամ սահմանափակմանը համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու համար (վարորդական վկայականը  փոխանակվում է համապատասխան նշումով վարորդական վկայականով, իսկ  կորած վարորդական վկայականի կրկնօրինակի փոխարեն տրամադրվում է համապատասխան նշումով վարորդական վկայական):

  1. Որակավորման քննությունները վարորդի թեկանծուն հանձնում է անձամբ՝ երկու փուլով`

1) տեսական քննություն` տեսական գիտելիքների ստուգում.

2) գործնական քննություն`

ա. «A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի դեպքում գործնական վարման հմտության և վարքագծի ստուգում ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրանց բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկության իրական պայմաններում.

բ. «B» կարգի դեպքում գործնական վարման հմտության և վարքագծի ստուգում միայն ճանապարհային երթևեկության իրական պայմաններում.

գ. «C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի դեպքում գործնական վարման հմտության և վարքագծի ստուգում ավտոդրոմում և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում:

  1. Որակավորման քննություններն ընդունվում են քննական մարմնի աշխատողի կողմից, ով ունի այն կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական, որոնց համար անցկացվելու է քննությունը (բացառությամբ տրոլեյբուս վարելու վարորդական վկայականի համար անցկացվող տեսական քննության) և անցել է համապատասխան վերապատրաստման դասընթաց, ստացել որակավորում:
  1. ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. «A», «B», «C», կարգերի ու «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ցանկի (այսուհետ` ցանկ) 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը՝ օրենքով նախատեսված դեպքում նաև բժշկական հավատարմագրում անցնելու մասին տեղեկանք, իսկ «D» կարգերի ու «D1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար` նաև ցանկի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև բժշկական հավատարմագրում անցնելու մասին տեղեկանք:
  2. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերի առկայությունն ստուգելուց հետո տվյալները մուտքագրվում են համակարգիչ, և, անձի տվյալները սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ցանկերում առկա չլինելու, ինչպես նաև նրա մոտ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում, անձը նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով:
  3. Տեսական քննությունը սկսելուց առաջ քննությունն ընդունող աշխատողը քննություն հանձնողին բացատրում է քննության անցկացման կարգը:
  4. Տեսական քննություններն անցկացվում են 2 մասից բաղկացած՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն կամ արաբերեն (վարորդի թեկնածուի ընտրությամբ) լեզվով կազմված համակարգչային թեստերի միջոցով`

1) հոգեբանական թեստ.

2) գիտելիքների ստուգման թեստ:

  1. Հոգեբանական թեստը բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 3 հարցերից, իսկ գիտելիքների ստուգման թեստը` պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 20 հարցերից, ընդ որում, պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը:
  2. Թեստերի հարցերն ընտրվում են ճանապարհային ոստիկանության կողմից կազմված հարցաշարի տարբեր բաժիններից` պատահական ընտրության միջոցով: Գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը (փոփոխությունների դեպքում` նաև փոփոխությունները) կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում: Նոր հարցերը գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում կարող են ներառվել հրապարակումից 30 օր հետո:
  3. Գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից`

1) հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքից (յուրաքանչյուր թեստում` 2 հարց),

2) հարցեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման՝

ա. N 1 հավելվածից (յուրաքանչյուր թեստում` 15 հարց),

բ. N 2 հավելվածից (յուրաքանչյուր թեստում` 2 հարց),

3) հարցեր երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ (յուրաքանչյուր թեստում` 1 հարց):

  1. Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 30 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:
  2. Տեսական քննության ընթացքը ցուցադրվում է սպասասրահում տեղադրված էկրանին:
  3. Տեսական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 18-ին տվել է ճիշտ պատասխան, ընդ որում` գիտելիքների ստուգման թեստի հարցերին թույլատրվում է պատասխանել միայն հոգեբանական թեստի բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում:
  4. Տեսական քննության ավարտից հետո անձին վերադարձվում են ցանկի 1-ին, 2-րդ (ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը` «ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառերով դրոշմակնքվելուց հետո), 5-րդ և 6-րդ կետերով (եթե 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվել են) նախատեսված փաստաթղթերը:
  5. Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում քննության արդյունքներն անմիջապես կցվում են անձի` վարորդական վկայական ստանալու էլեկտրոնային գործին և նրան թույլատրվում է մեկ տարվա ընթացքում մասնակցել գործնական քննությանը:
  6. Տեսական քննությունը դրական չհանձնած անձը կարող է ցանկացած ժամանակ սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելով` կրկին մասնակցել տեսական քննությանը:
  1. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Տեսական քննությունը դրական հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում գործնական քննությունը դրական չհանձնելու դեպքում տեսական քննության արդյունքը համարվում է ուժը կորցրած, և անձը սույն կարգով սահմանված կարգով կրկին պետք է հանձնի տեսական քննությունը:
  2. Գործնական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ`

1) «D» կարգի և «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությանը մասնակցելու համար` նաև ցանկի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

2) «BE», «CE», «DE» կարգերի և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությանը մասնակցելու համար` նաև ցանկի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:

  1. «BE», «CE», «DE» կարգերի և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությանը մասնակցելու համար սույն կարգի 25-րդ կետով նախատեսված փաստաթղթերի առկայությունն ստուգվելուց հետո տվյալները մուտքագրվում են համակարգիչ, և, անձի տվյալները սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ցանկերում առկա չլինելու, ինչպես նաև նրա մոտ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում, անձը նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով:
  2. Գործնական քննության ժամանակ ստուգվում է վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն ու վարքագիծն այն կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներով, որոնք վարելու համար տրվելու է վարորդական վկայական՝ բացառությամբ սույն կարգի 31-րդ կետով սահմանված դեպքերի:
  3. Գործնական քննության անցկացման գործընթացը ենթակա է տեսաձայնագրման համապատասխան սարքավորումների միջոցով, որոնք տեղադրվում են գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցներում և (կամ) դրանց վրա (բացառությամբ կցորդի):
  4. Գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուսումնական տրանսպորտային միջոցի համար սահմանված պահանջներին:
  5. Ըստ տրանսպորտային միջոցների կարգերի ու ենթակարգերի` գործնական քննություններն ընդունվում են մեխանիկական փոխհաղորդակով, կամ անձի ցանկությամբ ավտոմատ փոխհաղորդակով տրանսպորտային միջոցներով, որի վերաբերյալ վարորդական վկայականում կատարվում է համապատասխան նշում: Նման նշում պարունակող վկայականները վավերական են միայն ավտոմատ փոխհաղորդակով տրանսպորտային միջոցներ վարելու համար:

Գործնական քննություններն ընդունվում են հետևյալ տրանսպորտային միջոցներով`

1) «AM» ենթակարգ` մոպեդով  և դրանց համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլներով,

2) «A1» ենթակարգ` երկանիվ թեթև մոտոցիկլով՝ մինչև 125 սմ խորանարդ աշխատանքային ծավալով և ոչ ավելի, քան 11 ԿՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլ,

3) «A» կարգ` երկանիվ մոտոցիկլով՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված մոտոցիկլների,

4) «B1» ենթակարգ` տրիցիկլերով և քվադրիցիկլերով,

5) «B» կարգ` թեթև մարդատար ավտոմոբիլով կամ մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով,

6) «C1» ենթակարգ` 3500 կգ-ից մինչև 7500 կգ ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով,

7) «C» կարգ` 7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով,

8) «D1» ենթակարգ` բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով,

9) «D» կարգ` բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.

10) «BE» կարգ` սույն կետի 5-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով,

11) «C1E» ենթակարգ` սույն կետի 6-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով,

12) «CE» կարգ` սույն կետի 7-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով,

13) «D1E» ենթակարգ` սույն կետի 8-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով,

14) «DE» կարգ` սույն կետի 9-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով կամ համակցված ավտոբուսով:

  1. Միաժամանակ`

1) «B» և «C» կարգերի կամ «C» կարգի և «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C» կարգի տրանսպորտային միջոցով.

2) «B» կարգի և «C1» ենթակարգի կամ «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցով.

3) «BE» և «CE» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «CE» կարգի տրանսպորտային միջոցով.

4) «BE» կարգի և «C1E» ենթակարգի կամ «B1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցով:

  1. «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունն անցկացվում է տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից, որի արդյունքների մասին տեղեկանքը ներկայացվում է քննական մարմին:
  2. Գործնական քննությունը դրական չհանձնած անձը կարող է սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելով` կրկին մասնակցել գործնական քննությանը:
  3. «A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուն պետք է կարողանա կատարել «A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցով գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության (N 1 ձև) մեջ նշված գործողությունները:
  4. «A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցով քննությունը համարվում է դրական հանձնված, եթե «A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցով գործնական քննության քննական թերթիկում նախատեսված գործողություններից առնվազն 13-ը վարորդի թեկնածուի կողմից կատարվել են ճիշտ:
  1. ԱՎՏՈԴՐՈՄՈՒՄ ԿԱՄ ԱՎՏՈՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Գործնական քննության անցկացման համար նախատեսված ավտոդրոմը կամ ավտոհրապարակը պետք է կառուցված (կահավորված) լինի այնպես, որ հնարավորություն տա կատարելու «A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցով գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության (N 1 ձև) և ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության՝ (N 2 ձև), մեջ նշված գործողությունները:
  2. Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննությունը հանձնելու համար «AM» ենթակարգերի դեպքում տրվում է 15, իսկ «A» կարգի և «A1» և «B1» ենթակարգերի համար 25 րոպե ժամանակ և 45 րոպե ժամանակ՝ «C», «D», «BE», «CE», «DE» կարգերի և «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի համար։ Այդ ժամանակի մեջ չպետք է հաշվարկվի վարորդի թեկնածուներին ընդունելու, տրանսպորտային միջոցը նախապատրաստելու, ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը զննելու, հատուկ մանևրներ կատարելու և գործնական քննության արդյունքները հայտարարելու ժամանակը։
  3. Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննությունը դադարեցվում է մինչև սույն կարգի 37-րդ կետով սահմանված ժամանակը լրանալը՝ անմիջապես, եթե քննություն հանձնող անձը թույլ է տալիս ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որևէ խախտում: Այս դեպքում գործնական քննության արդյունքը համարվում է բացասական:
  4. Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննությունն ընդունելիս քննություն ընդունողը պետք է գտնվի տրանսպորտային միջոցի ներսում՝ բացառությամբ «A» կարգի և «AM», «A1», «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներով քննություն ընդունելու դեպքերի: Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննության ժամանակ տրանսպորտային միջոցի ներսում կարող է գտնվել նաև վարորդի թեկնածուի մեկ ներկայացուցիչ` առանց քննությանը միջամտելու իրավունքի (եթե տրանսպորտային միջոցի կառուցվածքը տալիս է այդպիսի հնարավորություն):
  5. Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննության ժամանակ վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն ստուգվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշված գործողությունների կատարման արդյունքներով:
  6. Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննության ընթացքում պահանջվող գործողություններից առնվազն 9-ը վարորդի թեկնածուի կողմից կատարվել են ճիշտ:
  7. Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննության ընթացքում քննություն ընդունողը վարորդի թեկնածուի կողմից կատարված գործողությունների արդյունքները նշում է համակարգչում:
  8. Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննության ավարտից հետո քննություն ընդունողը ստորագրում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննության արդյունքների վերաբերյալ էլեկտրոնային արձանագրությունը և վարորդի թեկնածուին տեղեկացնում է քննությունը դրական կամ բացասական հանձնելու մասին: Անձի ցանկությամբ քննության արդյունքների վերաբերյալ կարող է տրվել արձանագրության՝ կնիքով հաստատված օրինակ:
  9. Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննության ավարտից հետո անձին վերադարձվում են ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ (ցանկի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը` «ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառերով դրոշմակնքվելուց հետո) և 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ եթե գործնական քննության արդյունքը եղել է բացասական` նաև ցանկի 6-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
  10. Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննությունը դրական հանձնելու դեպքում գործնական քննության արդյունքների վերաբերյալ էլեկտրոնային արձանագրությունն անմիջապես կցվում է անձի` վարորդական վկայական ստանալու էլեկտրոնային գործին:
  1. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունն անցկացվում է գործնական վարման ուսուցում իրականացնելու համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չարգելված ճանապարհներին:
  2. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության երթուղու երկարությունը պետք է կազմի 1,5-4 կմ և պետք է հնարավորություն տա քննություն ընդունողին տալու ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության (N 3 ձև) մեջ նշված գործողությունները կատարելու հանձնարարականներ:
  3. 48Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ժամանակ քննություն ընդունողը պետք է գտնվի տրանսպորտային միջոցի ներսում, բացառությամբ «A» կարգի և «AM», «A1», «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներով քննություն ընդունելու դեպքերի:
  4. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ժամանակ տրանսպորտային միջոցի ներսում կարող է գտնվել նաև վարորդի թեկնածուի մեկ ներկայացուցիչ` առանց քննությանը միջամտելու իրավունքի (եթե տրանսպորտային միջոցի կառուցվածքը տալիս է այդպիսի հնարավորություն):
  5. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը հանձնելու համար տրվում է 25 րոպե ժամանակ «B» և «BE» կարգերի համար, իսկ ավտոդրոմի կամ ավտոհրապարակի բացակայության դեպքում՝ նաև «A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի համար և 45 րոպե ժամանակ՝ «C», «D», «CE», «DE» կարգերի և «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի համար։ Այդ ժամանակի մեջ չպետք է հաշվարկվի վարորդի թեկնածուներին ընդունելու, տրանսպորտային միջոցը նախապատրաստելու, ճանապարհի անվտանգության հետ կապված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը զննելու, հատուկ մանևրներ կատարելու և գործնական քննության արդյունքները հայտարարելու ժամանակը։
  6. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը դադարեցվում է մինչև սույն կարգի 50-րդ կետով սահմանված ժամանակը լրանալը՝ անմիջապես, եթե քննություն հանձնողը թույլ է տալիս ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որևէ խախտում: Այս դեպքում գործնական քննության արդյունքը համարվում է բացասական:
  7. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննության ընթացքում պահանջվող գործողություններից առնվազն 10-ը վարորդի թեկնածուի կողմից կատարվել են ճիշտ:
  8. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ընթացքում քննություն ընդունողը վարորդի թեկնածուի կողմից կատարված գործողությունների արդյունքները նշում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ:
  9. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ավարտից հետո քննություն ընդունողը ստորագրում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը և վարորդի թեկնածուին տեղեկացնում է քննությունը դրական կամ բացասական հանձնելու մասին: Անձի ցանկությամբ քննության արդյունքների վերաբերյալ կարող է տրվել արձանագրության՝ կնիքով հաստատված օրինակ:
  10. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ավարտից հետո անձին վերադարձվում են ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ (ցանկի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը` «ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառերով դրոշմակնքվելուց հետո) և 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ, եթե գործնական քննության արդյունքը եղել է բացասական, նաև՝ ցանկի 6-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
  11. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը դրական հանձնելու դեպքում ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կցվում է անձի` վարորդական վկայական ստանալու գործին:
  1. ՎԱՐՈՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾԸ

  1. «AM» և «A1» ենթակարգերի, «A» կարգի տրանսպորտային միջոց վարելու հմտությունները և վարքագիծը քննությունների միջոցով ստուգելու ժամանակ վարորդի թեկնածուները պետք է ցույց տան, որ կարող են անվտանգ վարել՝ բավարարելով հետևյալ պահանջները՝

1) հագնել ձեռնոցները և կոճկել պաշտպանիչ սաղավարտը,

2) ստուգել անվադողերի, արգելակների, ղեկանիվի, վթարային կանգառի ճանաչման նշանի (առկայության դեպքում), շղթայի, յուղի մակարդակի, լույսերի, անդրադարձիչների, ուղղության ցուցիչների, ձայնային ազդանշանման սարքի վիճակը,

3) մոպեդը կամ մոտոցիկլը դնել հենակի վրա և հանել դրա վրայից ու շարժել այն՝ առանց շարժիչի օգնության,

4) մոպեդը կամ մոտոցիկլն իր հենակի վրա կայանել,

5) անցնել ցածր փոխանցումից բարձրի և հակառակը,

6) կատարել շրջադարձեր և հետադարձեր՝ առանց ոտքերը ոտնակից վերցնելու,

7) ղեկավարել մոպեդը կամ մոտոցիկլը մեկ ձեռքով,

8) ցածր արագությամբ կատարել առնվազն երկու մանևր՝ ներառյալ ոլորաշարժում կատարելը: Դա հնարավորություն կտա գնահատելու վարորդի՝ կցորդման և արգելակի հետ միաժամանակ աշխատելու, հավասարակշռությունն ու տեսադաշտը չկորցնելու, մոտոցիկլի վրա նստելու ու ոտքերի համար նախատեսված հենակների վրա ոտքերը դիրքավորելու հմտությունը,

9) բարձր արագությամբ կատարել առնվազն երկու մանևր, ընդ որում, մեկ մանևրը՝ երկրորդ կամ երրորդ փոխանցմամբ, առնվազն 30 կմ/ժ արագությամբ, իսկ մյուս մանևրը՝ առնվազն 50 կմ/ժ արագությամբ՝ շրջանցելով խոչընդոտը: Դա հնարավորություն կտա գնահատելու վարորդի՝ մոպեդը կամ մոտոցիկլի վրա նստելու, տեսադաշտը և հավասարակշռությունը չկորցնելու, ղեկային կառավարման հմտությունը և փոխանցումները փոխելու հմտությունը,

10) արգելակում՝ արգելակման առնվազն երկու վարժություն պետք է կատարվի՝ ներառյալ առնվազն 50 կմ/ժ արագության ժամանակ վթարային արգելակում կատարելը: Դա հնարավորություն կտա գնահատելու վարորդի՝ առջևի և հետևի արգելակների, տեսադաշտը չկորցնելու և մոպեդը կամ մոտոցիկլի վրա նստելու հմտությունը,

11) երթևեկելը՝ կայանելուց, երթևեկության ժամանակ կանգնելուց, ճանապարհից դուրս գալուց հետո,

12) երթևեկելը ճանապարհի ոլորաններով,

13) խաչմերուկները հատելը՝ ճանապարհների հատումներին և միացումներին հասնելն ու դրանք հատելը,

14) ուղղությունը փոխելը՝ կատարել ձախ և աջ շրջադարձ, երթևեկության գոտիները փոխելը,

15) տրանսպորտային միջոցից իջնելիս անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկելը:

  1. «B», «B1», «BE», «C», «CE», «C1», «C1E», «D», «DE», «D1» և «D1E» կարգերի ու ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու հմտությունները ու վարքագիծը քննությունների միջոցով ստուգելու ժամանակ վարորդի թեկնածուները պետք է ցույց տան, որ կարող են անվտանգ վարել՝ բավարարելով հետևյալ պահանջները՝

1) նախապատրաստվել  երթևեկությունը սկսելուն (hարմարեցնել նստատեղն այնպես, որ ստացվի ճիշտ նստած դիրք, hարմարեցնել հետին տեսանելիության հայելիները, ամրագոտիները, գլխակալները (առկայության դեպքում), ստուգել, թե արդյոք դռները փակ են, ստուգել անվադողերի, ղեկանիվի, արգելակների, հեղուկների (օրինակ՝ շարժիչի յուղը, սառեցնող հեղուկը, դիմապակին լվանալու հեղուկը), լույսերի, անդրադարձիչների, ուղղության ցուցիչների և ձայնային ազդանշանման սարքի վիճակը: Տրանսպորտային միջոցի բեռնային բեռնախցիկի դռները, սրահի փակված լինելը, կապակցման մեխանիզմները, արգելակը և էլեկտրական միացումները (միայն «BE» կարգերի համար): Ստուգել ուժեղացմամբ արգելակման և ղեկավարման համակարգերը, ստուգել անիվների, անիվների պնդօղակների, անվածածկոցների, հողմապակու, ապակեմաքրիչների վիճակը, ստուգել օդի ճնշումը, խտացված օդի բալոնները և օդաճնշական կախոցները, ստուգել տրանսպորտային միջոցի բեռնային բեռնախցիկի դռները, սրահի փակված լինելը (առկայության դեպքում), ստուգել կապակցման մեխանիզմները, ինչպես նաև արգելակը և էլեկտրական միացումները (միայն «CE», «C1E», «DE», «D1E» կարգերի ու ենթակարգերի համար)),

2) սկսել երթևեկությունը (գործարկել շարժիչը, անջատել կայանման արգելակը, միացնել թարթիչը, առանց շարժիչը հանգցնելու սահուն սկսել երթևեկությունը),

3) երթևեկելը՝ կայանելուց, ճանապարհից դուրս գալուց հետո, երթևեկելն ուղիղ ճանապարհներով, այդ թվում՝ փակ տարածքներում, երթևեկելը ճանապարհի ոլորաններով, խաչմերուկները հատելը՝ ճանապարհների հատումներին և միացումներին հասնելն ու դրանք հատելը,

4) առանց շարժիչը հանգցնելու, 20 սմ-ից ոչ ավելի հետ գլորում թույլ տալով սահուն շարժվելով սկսել երթևեկությունը վերելքի վրա,

5) սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց շարժիչը հանգցնելու և սահմանափակ լայնությամբ տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին փոխանցման մեկանգամյա միացումով կատարել հետադարձ,

6) կատարել երթևեկույան գոտիների փոփոխություն,

7) վազանցը (անցնելը)` տրանսպորտային մյուս միջոցներին վազանցելը (հնարավորության դեպքում), խոչընդոտների, օրինակ` կայանած մեքենաների կողքով վարելը,

8) կատարել շրջադարձ,

9) կատարել հետադարձ,

10) կանգնեցնել ավտոմոբիլը (միացնել թարթիչը, հանգցնել շարժիչը, կայանման արգելակ, փոխանցման տուփի լծակ):

  1. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

  1. Որակավորման քննությունները բացասական հանձնելու դեպքում կայացվում է վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշում (N 4 ձև), որին կցվում է համապատասխան քննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Տեսական քննությունը բացասական հանձնելու դեպքում վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշումը անձին է հանձնվում անմիջապես քննության ավարտից հետո, իսկ գործնական քննությունը բացասական հանձնելու դեպքում՝ ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը:
  2. Վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
  3. Որակավորման քննությունները դրական հանձնած անձը ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան նրան հատկացվելիք վարորդական վկայականի գործողության ժամկետի ավարտը, ներկայացնում է ցանկի 4-րդ կետով նախատեսված փաստաթուղթը, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է վարորդական վկայական: Իսկ մինչև նրան հատկացվելիք վարորդական վկայականի գործողության ժամկետի ավարտը, ցանկի 4-րդ կետով նախատեսված փաստաթուղթը չներկայացնելու դեպքում անձը կրկին պետք է մասնակցի որակավորման քննություններին:
  4. Եթե վարորդական վկայական ստանալու գործը վարվում է էլեկտրոնային եղանակով, ապա վարորդական վկայականի հետ միասին ցանկի 4-րդ կետով նախատեսված փաստաթուղթը «ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառերով դրոշմակնքվելուց հետո վերադարձվում է անձին:
  1. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԿՈՐԱԾ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տրված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքում դրա տնօրինողին սույն կարգով սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու նոր վարորդական վկայական է տրվում` առանց որակավորման քննություններ հանձնելու:
  2. ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքում դրա տնօրինողին սույն կարգով սահմանված կարգով առանց որակավորման քննություններ հանձնելու, տրվում է`

1) «շոֆեր-լյուբիտել (шофер-любитель)» կարգի դեպքում` «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք.

2) «շոֆեր-պրոֆեսիոնալ (шофер-профессионал)» կարգի դեպքում` «B» և «C» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:

  1. Վարորդական վկայականի փոխանակման համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի ցանկի 1-ին, 4-րդ և 6-րդ, իսկ քննական մարմնի կողմից ոչնչացված վարորդական վկայականի վերականգնման համար` ցանկի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
  2. Վարորդական վկայականի փոխանակման դեպքում տվյալները մուտքագրվում են համակարգիչ, որից հետո անձը, եթե հաշվառված չէ թմրաբանական և հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում և նրա մոտ առկա չեն սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքերը, անմիջապես նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է վարորդական վկայական:
  3. Սույն որոշմամբ սահմանված կարգի 61-րդ և 66-րդ կետերով նախատեսված դեպքերում, երբ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ պատրաստել վարորդական վկայական, անձին անմիջապես տրվում է ժամանակավոր վարորդական վկայական, որը ենթակա է վերադարձման: Եթե ժամանակավոր վարորդական վկայականը չի վերադարձվում, ապա վարորդական վկայականը տրվում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 68-րդ և 69-րդ կետերով սահմանված կարգով:
  4. Կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում ցանկի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը տրված վարորդական վկայականների կամ այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում` նաև ցանկի 7-րդ կետով նախատեսված փաստաթուղթը կամ կորած վարորդական վկայականի տվյալները (սերիան, համարը) պարունակող որևէ այլ փաստաթուղթ կամ տեղեկություն:
  5. Կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում տվյալները մուտքագրվում են համակարգիչ, որից հետո անձը, եթե հաշվառված չէ թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում, և նրա մոտ առկա չեն սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքերը, անմիջապես նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և անձին իր ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական` 20 օր ժամանակով:
  6. Կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում փաստաթղթերը քննական մարմին ներկայացնելու օրվանից 15 օր անց, եթե քննական մարմնի կողմից կատարված հարցումներով պարզվում է, որ անձը հաշվառված չէ թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում և զրկված չէ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կամ նրա վարորդական վկայականը վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ չի գտնվում վարույթ իրականացնող մարմնում, նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է վարորդական վկայական:
  7. Կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալիս ժամանակավոր վարորդական վկայականը ենթակա է վերադարձման: Եթե ժամանակավոր վարորդական վկայականը չի վերադարձվում, ապա կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տրվում է սույն կարգի 69-րդ և 70-րդ կետերով սահմանված կարգով:
  8. Վարորդական վկայականը փոխանակելը կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ տալը մերժելու դեպքում անձին տրվում է վարորդական վկայականը փոխանակելը կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ տալը մերժելու մասին որոշում (NN 5 և 6 ձևեր), որը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
  9. Այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը փոխանակվում է առանց որակավորման քննություններ հանձնելու: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
  10. Սույն կարգի 73-րդ կետով նախատեսված դեպքում վարորդական վկայականը փոխանակվում է այլ պետություններում ստացած վարորդական վկայականի վավերականությունը պարզելուց հետո, իսկ փոխանակված վարորդական վկայականը վերադարձվում է այն տրամադրած պետության իրավասու մարմիններին։
  11. Այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականները չեն փոխանակվում, և կորած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում՝ բացառությամբ սույն կարգի 76-րդ կետով նախատեսված դեպքերի:
  12. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների` 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականները փոխանակվում են, կամ կորած վարորդական վկայականների կրկնօրինակներ տրվում են առանց որակավորման քննություններ հանձնելու` ելնելով փոխադարձության սկզբունքից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաև տրանսպորտային միջոցների կարգերի (ենթակարգերի) համարժեքությունը 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով սահմանված կարգերին (ենթակարգերին): Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ կորած վարորդական վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում` ցանկի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
  13. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների վարորդական վկայականների փոխանակման դեպքերում հին վարորդական վկայականը տնօրինողի ցանկությամբ վերադարձվում է իրեն, իսկ փոխանակման գործում պահվում է դրա պատճենը:
  14. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց հետո` սույն կարգով սահմանված կարգով տեսական և գործնական քննությունները հանձնելուց հետո:
  15. Սույն կարգի 78-րդ կետով նախատեսված գործնական քննությունը, եթե անձն ունեցել է միայն մեկ կարգի կամ միայն մեկ ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք, հանձնվում է տվյալ կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցով, իսկ եթե անձն ունեցել է մեկից ավելի կարգերի կամ մեկից ավելի ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունք, ապա գործնական քննությունը հանձնվում է առավելություն ունեցող կարգի կամ առավելություն ունեցող ենթակարգի տրանսպորտային միջոցով:
  16. Սույն կարգի 79-րդ կետով նախատեսված կարգերի և ենթակարգերի առավելությունը միմյանց նկատմամբ որոշվում է հետևյալ կերպ`

1) «B1» ենթակարգը և «B» կարգը` «AM», «A1» ենթակարգերի և «A» կարգի նկատմամբ.

2) «BE» կարգը` «AM», «A1» և «B1» ենթակարգերի, «A» և «B» կարգերի նկատմամբ.

3) «C1» ենթակարգը և «C» կարգը` «AM», «A1» և «B1» ենթակարգերի, «A», «B» և «BE» կարգերի նկատմամբ.

4) «C1E» ենթակարգը և «CE» կարգը` «AM», «A1», «B1», «C1» և «D1» ենթակարգերի, «A», «B», «BE», «C»  և «D» կարգերի նկատմամբ.

5) «D1» ենթակարգը և «D» կարգը` «AM», «A1», «B1» և «C1»  ենթակարգերի, «A», «B», «BE»  և «C» կարգերի նկատմամբ.

6) «D1E» ենթակարգը և «DE» կարգը` «AM», «A1», «B1», «C1», «C1E» և «D1»  ենթակարգերի, «A», «B», «BE», «C», «C1E» և «D» կարգերի նկատմամբ:

  1. Սույն կարգի 78-րդ կետով նախատեսված գործնական քննությունը, եթե անձն ունեցել է միաժամանակ սույն կարգի 80-րդ կետում նշված որևէ կարգի կամ ենթակարգի և «T» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, հանձնվում է համապատասխանաբար տվյալ կարգի կամ ենթակարգի և «T» կարգի տրանսպորտային միջոցներով:
  2. Վարորդական վկայականի փոխանակման և կորած վարորդական վկայականի կրկնօրինակ տալու դեպքերում տվյալները համակարգիչ մուտքագրելուց և համակարգչային տեխնիկայի միջոցով անձին նկարահանելուց հետո նրան վերադարձվում է ցանկի 1-ին, իսկ եթե վարորդական վկայական ստանալու գործը վարվում է էլեկտրոնային եղանակով, ապա «ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառերով դրոշմակնքվելուց հետո` նաև ցանկի 4-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
  1. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

  1. Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական:
  2. Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում ցանկի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև 3 x 4 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար:
  3. Միջազգային վարորդական վկայականի կորստի կամ փոխանակման դեպքում դրա կրկնօրինակը տրվում է սույն կարգի 83-րդ և 84-րդ կետերով սահմանված կարգով:
  4. Միջազգային վարորդական վկայականներն ստորագրվում են քննական մարմնի (ստորաբաժանման) ղեկավարի կողմից և կնքվում միջազգային երթևեկության փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու թույլատրելի կարգերը նշվում են դրոշմով (N 7 ձև):
  5. Միջազգային վարորդական վկայականի հետ միասին անձին վերադարձվում է ցանկի 1-ին և 6-րդ (միջազգային վարորդական վկայական տալու գործում պահվում են պատճենները), իսկ եթե վարորդական վկայական ստանալու գործը վարվում է էլեկտրոնային եղանակով, ապա «ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառերով դրոշմակնքվելուց հետո` նաև ցանկի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:
  1. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
  1. Վարորդական վկայական և միջազգային վարորդական վկայական տալու համակարգչային շտեմարանները և էլեկտրոնային մատյանները պահպանվում են մշտական, նկարահանվելուց և որակավորման քննությունները դրական հանձնելուց կամ փոխանակումից կամ կորած վարորդական վկայականի փոխարեն որպես կրկնօրինակ հատկացվելուց հետո անձի կողմից չստացված վարորդական վկայականները` մինչև այդ վարորդական վկայականների գործողության ժամկետի ավարտը, իսկ վարորդական վկայական տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի կրկնօրինակ տալու և միջազգային վարորդական վկայական տալու փաստաթղթերը (այդ թվում` էլեկտրոնային եղանակով ստացված), ինչպես նաև թմրաբանական կամ հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում հաշվառված լինելու կամ նրա մոտ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության պատճառով վերցված և քննական մարմնում գտնվող վարորդական վկայականները` 1 տարի ժամկետով, որից հետո ենթակա են ոչնչացման:
  2. Վարորդական վկայականի պահպանման ժամկետը հաշվարկվում է`

1) որակավորման քննությունների արդյունքների հիման վրա կամ փոխանակման կամ կորած վարորդական վկայականի փոխարեն որպես կրկնօրինակ հատկացնելու համար վարորդական վկայական պատրաստելուց հետո անձի կողմից վարորդական վկայականը չստանալու դեպքում` վարորդական վկայական պատրաստելու օրվանից.

2) իրավասու մարմնի կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու (այդ թվում` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում անձի տվյալներն առկա լինելու հիմքով վարորդական վկայականը վերցնելու) դեպքում` զրկման ժամկետը լրանալու կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելու օրվանից.

3) թմրաբանական կամ հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում անձի տվյալներն առկա լինելու կամ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքով վարորդական վկայականը վերցնելու դեպքում` վարորդական վկայականը վերցնելու օրվանից.

4) կորած վարորդական վկայականը գտնվելուց հետո քննական մարմին հանձնելու կամ այլ դեպքում` վարորդական վկայականը քննական մարմնում մուտք լինելու օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

Իրավաբան.net

Ձեզ կհետաքրքրի...