Սննդամթերքի առցանց վաճառք իրականացնողները ակտիվ վերահսկվելու են․ ՍԱՏՄ ղեկավար

Arcajc vacuarq

«Մարտի 13-ից ապրիլի 6-ն իրականացվել է կորոնավիրուսի վարակի կանխմանն ուղղված աշխատանքներ, իրացման ցանցերին հանրային սննդի օբյեկտներին սննդամթերքի արտադրություններին բաժանվել են վարակի տարածումը նվազեցնելուն ուղղված գործողությունների ուղեցույցներ»,- ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։ Գեորգի Ավետիսյանը ներկայացրեց արտակարգ դրության պայմաններում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական աշխատանքները։ Նշեց, որ տեսուչները վերջին ամսվա ընթացքում այցելել են Երևանի մոտ 500, մարզերում՝ 3600 սննդամթերքի իրացման կազմակերպություններ և արտադրություններ։ Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, դռան բռնակների, ՀԴՄ սարքերի ախտահանում։

Ավետիսյանը նշեց, որ հանրապետության որոշ մարզերում տեսչական մարմնի մասնագետները տարածքային կառավարման և ինքնակառավարման  մարմինների, որոշ դեպքերում նաև՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շրջայցեր են իրականացնում՝ բացօթյա առևտուրը բացառելու նպատակով։

«Մարտի 27-28-ը մշտադիտարկումներ են իրականացվել հանրապետության տարածքում  գործող գյուղատնտեսական արտադրության 18 շուկաներում։ Արձանագրվել է, որ մարզերում շուկաների մեծ մասը չի գործում, իսկ գործող շուկաներում միայն մի քանի կետում է  վաճառք կազմակերպվում։ Այցելուների թիվը նկատելիորեն պակասել է»,- ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։

Տեղեկացրեց, որ ապրիլի 6-ին տեսչական մարմնում ստեղծվել է աշխատանքային խումբ։ Նպատակը՝ առցանց վաճառող սննդամթերքի գործունեության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական  վերահսկողության կազմակերպումն է։ Ասաց՝ ակտիվորեն վերահսկվելու են առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունները։

Ձեզ կհետաքրքրի...