Ստեղծվել Է Ռոբոտ-Վիրաբույժ, Որը Կարողնանում Է Միացնել (Կարել) Արյունատար Անոթները

robot virabuj

Կային ժամանակներ, երբ ​​վիրահատություններն իրականացվում էին կոպիտ գործիքների կիրառմամբ և հաճախ դրանք ավարտվում էր հիվանդի մահվամբ: Այսօր վիրաբուժությունը շատ առաջ է գնացել, և բժիշկները կարողանում են կատարել նույնիսկ ամենաբարդ վիրահատությունները։ Այնուամենայնիվ քիչ չեն դեպքերը, երբ վիրահատության ժամանակ վիրաբույժի ձեռքերը, տարբեր հանգամանքներով պայմանավորված, սկսում են դողալ՝ վնասելով հիվանդին։ Վերջին շրջանում բժշկական սարքավորումներ արտադրող կազմակերպությունների կողմից մշակվում են այնպիսի ռոբոտներ, որոնք գալիս են լրացնելու այս բացը և որոնց սխալվելու հավանականությունը հասցված է նվազագույնի: Օրինակ, վերջերս «Nature Communications» գիտական ​​ամսագրում հրապարակվել է MUSA ռոբոտ-վիրաբույժի նկարագրությունը, որը կարողանում է կարել մինչև 0,3 միլիմետր տրամագծով արյան անոթները: Ռոբոտն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը` կատարելով վիրահատություններ իրական մարդկանց մասնակցությամբ։

Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, MUSA ռոբոտը մշակվել է հոլանդական MicroSure ընկերության կողմից, այսպես կոչված, վերականգնողական միկրովիրաբուժության համար, որը ենթադրում է կորցրած հյուսվածքների վերականգման համար կատարվող վիրահատական​​գործողությունների ամբողջությունը։

Այսպիսի վիրահատություններ կարող են իրականացնել նաև սովորական բժիշկները, բայց դա պահանջում է մեծ փորձ և ուժ: Բացի այդ, հյուսվածքների վերականգնման համար կատարվող վիրահատությունները բավականին թանկ արժեն, իսկ ռոբոտ-վիրաբույժների ներգրավվածության շնորհիվ վիրահատության արժեքը կարող է էականորեն կրճատվել։ Դատելով փորձարկման արդյունքներից՝ MUSA ռոբոտային համակարգը առաջադրանքները կատարում է ոչ պակաս լավ, քան փորձառու վիրաբույժները։

robot

Ռոբոտ-վիրաբույժի աշխատունակությունը փորձարկվել է 20 կամավորների վիրահատության ընթացքում: Բոլորն էլ կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանայք էին, որոնց մոտ այս հիվանդությունը հետագայում առաջացրել էր լիմֆոստազ (լիմֆեդեմա) (Ավշային կանգ-կրծքագեղձի հեռացումից հետո (մաստէկտոմիա) վերին վերջույթների այտուցի զարգացում՝ ավշային փոխանակության և հոսքի խանգարման հետևանքով: Այս հիվանդության առաջացումն այնքան էլ հեշտ չէ կանխատեսել, քանի որ շատ բան կախված է վիրահատության ծավալից, հիվանդի ընդհանուր վիճակից և մաստէկտոմիայից հետո կիրառվող բուժման եղանակներից):

Լիմֆոստազի բուժման համար, որպես կանոն, կատարվում է վիրահատություն, որը ենթադրում է արյան անոթների և մազանոթների միացում: Հատկանշական է, որ որքան ավելի շատ փոքր անոթներ են վիրաբույժները կարողանում վերականգնել, այնքան ավելի առողջ է դառնում մարդը: MUSE ռոբոտ-վիրաբույժը կատարում է այս առաջադրանքը` կրկնօրինակելով իրական վիրաբույժի շարժումները՝ մի քանի անգամ կրճատված մասշտաբով:

Ընդ որում, համակարգչային ալգորիթմները ըմբռնում են համակարգը ղեկավարող վիրաբույժի ձեռքերի դողը, և ռոբոտին հրահանգ են տալիս կատարելու միայն հստակ շարժումները։ Այսպիսով, ռոբոտը նվազեցնում է բժշկական սխալի հավանականությունը և մեծացնում է հաջող վիրահատության հնարավորությունները։

Ռոբոտը վիրահատությունը կատարում է միջինը 2 ժամում, մինչդեռ, սովորաբար, այն տևում է մոտ 1․5 ժամ: Համակարգը մշակողները կարծում են, որ աշխատանքային ժամանակի այդպիսի մեծ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ռոբոտը ղեկավարող մարդիկ դեռևս սովոր չեն աշխատել համակարգի հետ: Այսպիսով, հետագայում այս վիրահատությունները կարող են իրականացվել ավելի արագ ու ճշգրիտ։

Ձեզ կհետաքրքրի...