Խորհուրդներ Սուրբ Զատիկին ընդառաջ.

Surb zatik

☑️ Զատկական հավկիթը (կարմիր ձու) Հարության տոնի խորհրդանիշն է։ Ձուն ինքնին նոր կյանքի աղբյուր է, ապա նաեւ իր ձեւով պատկերում է մեր երկիրը, որը ներկվել է Տեր Հիսուսի կարմիր արյամբ` թափված մեր փրկության համար։

☑️ Փրկչի թափած արյունը թե ողջերիս համար է եւ թե հատկապես ննջեցյալների համար, ուրեմն ՍԽԱԼ Է նոր ննջեցյալ ունեցող ընտանիքում ձու չներկելը։

☑️ Քանի որ հավկիթը Հարության խորհրդանիշն է, ՍԽԱԼ Է նաեւ այն Ավագ Հինգշաբթի կամ Ուրբաթ օրը ներկելը, քանի որ ծիսականորեն Հիսուս դեռ Հարություն չի առել։ Մյուս կողմից նաեւ պետք չէ պահքը խախտել` հինգշաբթի կամ ուրբաթ օրը ձու ճաշակելով։ Սովորաբար կարմիր ձուն ներկում են շաբաթ օրը` Ճրագալույցից առաջ։

☑️ Չհիմնավորված սովորություն կա Ավագ Հինգշաբթի չներկել հավկիթները, այլ միայն խաշել։ Մեկ այլ անհասկանալի սովորությամբ ոմանք մինչեւ Զատիկ ներկում են ընտանիքի անդամների թվով ձվեր։ Դարձյալ ՍԽԱԼ Է նույն` վերեւում բերված հիմնավորումներով։

☑️ Մինչեւ շաբաթ երեկո` մոտավոր 18:00, երբ ծիսականորեն օրը համարվում է փոխված եւ մատուցվում է Ճրագալույցի Զատկական պատարագ, ՍԽԱԼ Է մարդկանց շնորհավորել Սուրբ Հարության առթիվ, առավել եւս ուղարկել անշունչ-անհոգի համացանցային վիրուս-բացիկներ։

☑️ Սուրբ Հարության տոնին եւ հաջորդող 50 օրերին քրիստոնյա հայերս ողջունում ենք իրար` «ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ» (Քրիստոս հարություն առավ մեռյալներից) ավետիսով, որին պետք է պատասխանել` «ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ» (Օրհնյալ է Քրիստոսի հարությունը): ՍԽԱԼ Է պատասխանել` «Ձերն էլ շնորհավոր» կամ նման այլ տարբերակներով:

☑️ Սուրբ Հարության տոնի հրաշքն ու զորությունը սահմանափակել բացառաբար հավկթախաղով կամ ավանդապահությամբ եւ որպես քրիստոնյա չխորանալ տոնի հոգեւոր եւ փրկչական խորհուրդի մեջ` ամենամեծ ՍԽԱԼՆ Է. Սուրբ Գիրքն ասում է. «Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց. մաքրեցե՛ք, դե՛ն նետեցեք հին մարդուն, որպեսզի նոր արարած լինեք, առանց մեղքերի» (հմմտ. Ա Կորնթ. 5:7)։

#Զատիկ #սխալ #ճիշտ #ՀայԵկեղեցի #Ավանդույթներ #հավկիթ #կարմիրձու

Ձեզ կհետաքրքրի...