Կառավարությունը կփոխի՞ իրացման գոտու վերաբերյալ որոշումը.
Երևանի կենտրոնում բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված Պուշկին, Տերյան, Եզ.Կողբացու եւ Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքներն առաջարկվում է այլևս չիրացնել և պահպանել։ Այս մասին տեղեկացրեց փաստաբան Նելլի Պապյանը՝ հիմք ընդունելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նունե Պետրոսյանի իրենց դիմումին պատասխանը։
Ըստ կոմիտեի նախագահ Նունե Պետրոսյանի՝ դեռեւս մարտի 10-ին տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել են այս տարածքին վերաբերող հարցերը։ Հանձնաժողովը, ի դեպ, ստեղծվել է ՀՀ վարչապետի 2019թ դեկտեմբերի 9-ի 1833 Ա որոշմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից 2006-2018թթ ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու եւ առաջարկություններ ներկայացնելու նպատակով։
Հանձնաժողովը ՀՀ կառավարության առաջարկել է Երեւան քաղաքի Պուշկին, Տերյան, Եզ․ Կողբացու եւ Հին Երեւանցու փողոցներով պարփակված տարածքում պահպանել դեռեւս չիրացված շենքը, գույքագրել, բանակցել արտաքին տեսքի պահպանման տարբերակների շուրջ։
Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն և Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունը Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ 2013թ օգոստոսին։
Կառավարության որոշումներով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը համարվել է տարածքի ձեռքբերող։ Գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող այս տարածքում պետք է բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացվեր։
Պուշկին փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանը,որը տարիներ շարունակ պայքարում էր,ո ր շենքը չքանդվի, այսօր ֆեյսբուքում գրառում է արել։
«Ռեյդրային նախագիծի որ կոչվում էր (հասարակության կարիքների համար) այլևս ուժի մեջ չի լինելու և անձնական սեփականությունը քաղաքի կենտրոնում գոնե չի խլվելու դատարանի աջակցությամբ։ Իմ երազանքը՝ կապված Պուշկին փողոցի,Աբովյան- Սախարով հատվածի հետ, պահպանվելու է և հնարավոր կլինի այն վերականգնել»,- տեղեկացրել է գործարարը,որը տարիներ շարունակ այս հարցով դատական գործընթացների մեջ է։
Ի դեպ, միջգերատեսչական հանձնաժողովն առաջարկել է «դատարան ներկայացված հայցի մասով իրականացնել իրավական կարգավորման գործընթաց»։
a1plus.am