Դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Datavor

1lurer.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններն են եղել:

Արդարադատության նախարարությունից 1lurer.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին այս տեղեկությունը՝ պատճառաբանելով, որ դատական օրենսգիրքն արգելում է կարգապահականի վերաբերյալ տեղեկության տրամադրումը:

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից էլ 1lurer.am-ին տեղեկացրին, որ այս պահին նախարարությունից համապատասխան գրություն դեռ չեն ստացել:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Ազարյանը 2019 թ. օգոստոսին բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը, ինչից հետո մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալն ազատ էր արձակվել:

Բացի դրանից՝ այս տարվա մարտի 11-ին դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ ազատ արձակվեց Քոչարյանի աջակիցներից «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադայանը, որը մեղադրվում է կազմակերպված խմբով մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու համար: Նշենք նաև, որ Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, այնուհետև՝ վերահսկողական ծառայությունում:

Հեղինակ`Արման Գալոյան

Ձեզ կհետաքրքրի...