Անգործության մատնված հայկական գիտական հսկան. Հերունու աստղադիտակ

Heruni

Անգործության մատնված հայկական գիտական հսկան. Հերունու աստղադիտակ

Աշխարհում շատ կան լքված վայրեր, սակայն քիչ կգտնեք այնպիսինները, որոնք իրենցից գիտական մեծ հայտնագործություն ներկայացնելով, այնուամենայնիվ լքվել են։ Դրանց թվին է դասվում Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը։

Խորհրդային Հայաստանում ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցումն իրագործելու Պարիս Հերունիի ձգտումը սկզբից էլ չէր ողջունվում Մոսկվայի կողմից: Հայ գիտնականին առաջարկում էին դիտակի կառուցումը սկսել Ղրիմում, որտեղ նույնիսկ բնական փոս էին գտել դրա համար: Մոսկվայի իշխանություններից համաձայնություն կորզելու Պարիս Հերունու պայքարը տևեց շուրջ 17 տարի, և Խորհրդային Հայաստանում իր ծավալներով աննախադեպ գիտական նախաձեռնությունը կյանքի կոչվելու հնարավորություն ստացավ:

Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6-ի նախագծումն ու շինարարությունը մեկնարկեց 1980 թվականին: Դիտակի կառուցման վայրը պատահական չէր ընտրված: Պարիս Հերունին, դեռ շատ տարիներ առաջ ունենալով ռադիոդիտակ կառուցելու գաղափարը, երկար ժամանակ փնտրել էր այն կառուցելու գիտականորեն նպատակահարմար վայրը, և վերջապես որոշել էր, որ Արագածի հարավային լանջին պետք է լինի:

Հարկ է նշել, որ նման ծավալի գիտական շինարարությունը հազվադեպ հանդիպող երևույթ էր ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլև ամբողջ ԽՍՀՄ տարածքում:

ՌՕԴ-54/2,6 մեծ անտենայի պարամետրերը գերազանցում են աշխարհի մնացած շատ այլ անտենաների պարամետրերը, հատկապես միլիմետրանոց ալիքների տիրույթում։ Սա աշխարհում ամենաճշգրիտ մեծ անտենաներից մեկն է։ Սարքի առանձնահատկությունն այն է, որ միլիմետրանոց ալիքները որսում է շատ պարզ՝ իր սեփական աղմուկի գերցածր լինելու շնորհիվ։ Դա նշանակում է, որ հեռավոր տիեզերքից պատահական աղմուկը` աղավաղված արբանյակի արգելքներով, «այլմոլորակայինների ուղերձի» փոխարեն ընդունելու վտանգը չափազանց ցածր է, քանի որ, որքան ցածր է աստղադիտակի սեփական աղմուկը, այնքան մաքուր է ընդունվող ազդանշանը։

Առաջին «պտուղները»

Ռադիոդիտակը շահագործման հանձնվեց 1987 թվականին և իր գործածության հենց առաջին րոպեներին գիտական խոշոր հայտնագործություն իրականացրեց՝ հայտնաբերեց Երկվորյակների Էտտա կարմիր հսկա աստղի պայծառ բռնկում։Այդպիսի հզոր բռնկում կարմիր հսկա տիպի աստղերի համար դիտվել էր առաջին անգամ։ Հայտնաբերվել են նոր ռադիոաղբյուրներ սանտիմետրանոց և միլիմետրանոց ռադիոալիքների տիրույթում։

Մեկ այլ հետաքրքիր բացահայտում տեղի ունեցավ արդեն դիտակի համալրման աշխատանքների ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ դիտակի անտենայի կենտրոնով անցնող հյուսիս-հարավ միջօրեականն անցնում է ուղիղ Տեղերի Սուրբ Աստվածամոր վանքի գմբեթի խաչով: Տեղի բնակիչներն էլ, իրենց հերթին, սկսեցին լեգենդներ հորինել, որ Պարիս Հերունիի «տիեզերական անտենային» հաջողվել է մեր մոլորակից դուրս կյանք գտնել:

Աստղագիտության ոլորտում ռադիոօպտիկական դիտակի անտենայի բարձր ճշգրտությունը եւ ընձեռած հնարավորությունները միջազգային գիտական ասպարեզում լայն հետարքրքություն առաջացրին: Դիտակը շարունակեց գործել նաև Հայաստանում 90-ականների էներգետիկ ճգնաժամի և հովհարային անջատումների պայմաններում, սակայն 2000 թվականից սկսած, անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով, այն չի աշխատում, թեև աշխատունակ է և շարունակում է մրցունակ մնալ միջազգային ասպարեզում:

Եվ ամեն դեպքում, եթե աստղադիտակը, վերջապես, վերանորոգեն և սկսի աշխատել նոր սարքավորումներ ավելացնելուց հետո, գիտության ո՞ր ոլորտներում կարող են կիրառել այն։ Եթե մեզ հաջողվի կապեր հաստատել, մեր գիտնականները կկարողանան աշխատել ռադիոաստղաֆիզիկայի ոլորտում առաջատար մասնագետների հետ։

Եվրոպական գերերկար բազաներով ռադիոինտերֆերոմետրիայի ցանցը, որտեղ տվյալ պահին աշխատում են ընդամենը 22 աստղադիտակներ 13 երկրներից, արդեն հուշագիր է ստորագրել հեռադիտակը հետագայում իր մոտ ներառելու մասին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կարող է դառնալ այն երկրներից մեկը, որոնք կմասնակցեն միասնական օպտիկամանրաթելային ցանցում ամենահզոր աստղադիտակները միավորելու վերաբերյալ նոր նախագծին։

Այն թույլ կտա առաջին անգամ մանրամասն հետևել գերնոր աստղերի պայթյունների գործընթացին, միլիվայրկյաններում էներգիայի մասշտաբային արտանետումներին և այլ կարճաժամկետ տիեզերական երևույթներին։

Հեղինակ՝ Անուշիկ Իսկանդարյան

#Հերունի #Հերունու_աստղադիտակ #Տիեզերք #Space

Ձեզ կհետաքրքրի...