Համաշխարհային տնտեսությունը հայտնվել է կտրուկ անկման եզրին. ԱՄՀ
ԱՄՀ-ի(Արժույթի միջազգային հիմնադրամ) լավատեսական սցենարով ՝ ամբողջ աշխարհում արտադրության համախառն ծավալները կկրճատվեն 9 տրլն դոլարով առաջիկա երկու տարիների ընթացքում, որը գերազանցում է Գերմանիայի եւ Ճապոնիայի ՀՆԱ-ը:
Համաշխարհային տնտեսությունը, փորձագետների կանխատեսումներով, 2020 թվականի ընթացքում կկրճատվի 3%-ով կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին: Սա կարող է դառնալ ամենակտրուկ անկումը 1930-ականներից սկսած:Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը, փոխանցում է Reuters գործակալությունը։
ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության զարգացման իր կանխատեսման մեջ 2021 թվականին նշմարում է մասնակի վերականգնում, երբ համաշխարհային տնտեսությունը կաճի 5,8 տոկոսով: Միևնույն ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչները նշում են, որ այս պահին դժվար է կոնկրետ կանխատեսումներ անել, քանի որ համաշխարհային շուկաներում իրավիճակն այժմ կախված է պանդեմիայի զարգացումներից:
ԱՄՀ-ի կանխատեսման համաձայն ՝ կորոնավիրուսի բռնկումները 2020 թվականի երկրորդ եռամսյակում իրենց գագաթնակետին կհասնեն երկրների մեծ մասում եւ կվերանան տարվա երկրորդ կեսին, իսկ ձեռնարկությունների փակումը եւ զսպման այլ միջոցները աստիճանաբար կթուլանան:
Հիմնադրամում կանխատեսում են, որ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած անկումը զգալիորեն ավելի մեղմ կլինի, քան 1929-1932 թվականներին ծայր առած Մեծ ճգնաժամը, երբ արտադրության համաշխարհային ծավալը կրճատվել է մոտավորապես 10%-ով: Արդյունաբերական այն տնտեսությունները, որոնց տվյալներն ավելի հուսալի են, այս ընթացքում գրանցել են ՀՆԱ-ի անկում 16% – ով:
Հունվարին, նախքան Չինաստանի ներսում եւ նրա սահմաններից դուրս բռնկման ներկա մասշտաբների ի հայտ գալը, ԱՄՀ-ն կանխատեսում էր, որ համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կաճի 3,3%-ով, քանի որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային լարվածությունը թուլանում է: 2021 թվականի համար կանխատեսում էր 3,4 % աճ:
Զարգացած տնտեսությամբ երկրները, որոնք այժմ տառապում են վիրուսի առավել ուժեղ բռնկումներից, իրենց վրա կկրեն տնտեսական ակտիվության անկման հիմնական ծանրությունը: ԱՄՆ-ի տնտեսությունը 2020 թվականին կկրճատվի 5,9%-ով ,և սա լավատեսական կանխատեսման համաձայն:
Եվրագոտու երկրների տնտեսությունը 2020 թվականին կկրճատվի 7,5%-ով, ընդ որում ՝ խիստ տուժած Իտալիան իր ՀՆԱ-ի անկումը կտեսնի 9,1%-ով, Իսպանիայի ՀՆԱ-ն կկրճատվի 8%-ով, Գերմանիայում այն կնվազի 7%-ով, իսկ Ֆրանսիայում՝ 7,2 %-ով:
Չինաստանը, որտեղ կորոնավիրուսի բռնկումն իր գագաթնակետին է հասել այս տարվա առաջին եռամսյակում, կպահպանի իր 1,2% դրական աճը 2020թվականի ընթացքում, որին հասել է հունվարին արձանագրված 6% աճի ցուցանիշից: ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն ՝ Չինաստանի տնտեսությունը 2021 թվականին կաճի 9,2%-ով: