Համաճարակի դեմ պայքար. կոնսենսուս մինուս…

Konsensus

Կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում հնարավոր է հաջողությունների հասնել միայն միասնական ջանքերով, եւ Հայաստանում, մեծ հաշվով, այդ միասնությունը կա։ Համաճարակի դեմ պայքարում են իշխանությունները՝ ինչքան թույլ են տալիս պետության հնարավորությունները, բժիշկները, ովքեր շաբաթներով տան երես չեն տեսնում, ուսուցիչները՝ հեռավար դասեր անցկացնելով, զինվորականները՝ ամուր պահելով սահմանները, գյուղացիներն ու ֆերմերները, ովքեր զբաղվում են գարնանային վարուցանքով, էքստրեմալ պայմաններում աշխատող վարորդները, ենթակառուցվածքների անխափանությունն ապահովողները, պարենային խանութների աշխատակիցները, մի խոսքով՝ պայքարում են բոլոր նրանք, ովքեր անում են ամեն ինչ, որ մարդկանց առօրյան հնարավորինս քիչ շեղվի սովորական ընթացքից։ Բազմաթիվ գործարարներ մեծ ու փոքր բարեգործական ծրագրեր են իրականացնում՝ հարկ չհամարելով բարձրաձայն խոսել դրանց մասին, կամավորներն ինչով կարողանում՝ օգնում են անապահովներին, համաճարակի դեմ պայքարում են նույնիսկ նրանք, ովքեր պարզապես տանն են մնում՝  դիմանալով տնից դուրս գալու գայթակղությանը…

Իսկ ովքե՞ր չե՛ն մասնակցում այդ պայքարին, ընդ որում՝ չեն մասնակցում ցուցադրաբար։ Այո, նախկին իշխանությունները։ Ավելի ճիշտ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները (նրանք, ովքեր դեռ Հայաստանում են)։ Օրենքով նրանք, իհարկե, համաճարակի դեմ պայքարին մասնակցելու որեւէ պարտավորություն չունեն, բայց գոյություն ունեն նաեւ չգրված օրենքներ եւ բարոյական նորմեր, ու խոսքը հենց դրանց մասին է։ Որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ Հայաստանում առնվազն 10-15 նախկին բարձրաստիճան պաշտոնյա կա, որոնց համատեղ ունեցվածքը ՀՀ տարեկան բյուջեից մեծ է։ Նրանցից քանի՞սն են այս ընթացքում թեկուզ հազար դրամի աջակցություն ցուցաբերել այն ժողովրդին, որի ծանր վիճակով իբր ահավոր մտահոգված են։ Փոխարենը՝ ահռելի գումարներ են տրամադրում քարոզչամիջոցներին ու հանձնարարում գիշեր-ցերեկ քարկոծել կառավարության գործունեությունը, ծաղրել կառավարության իրականացրած աջակցության ծրագրերը, թե ինչպես են դրանք փոշիացվում՝ առանց լուրջ հարցեր լուծելու, թե քանի հազար ընտանիքի կարելի էր օգնել պաշտոնյաների պարգեւավճարների փողերով, եւ այլն։ Խոսքն այն մասին չէ, թե իսկ քանի՞ հազար ընտանիքի կարելի էր օգնել այդ քարոզչամիջոցներին տրամադրվող գումարներով։ Եվ ընդհանրապես՝ խոսքը փողի մասին չէ. առանց այդ թալանած միլիարդների ու դրանց տերերի աջակցության էլ մենք կհաղթահարենք այս դժվարությունները, եւ ամեն ինչ լավ կլինի։ Խոսքն այն մասին է, որ այդ մարդիկ պարզապես վրեժ են լուծում պետությունից ու ժողովրդից։ Սրանցից մի քանիսն անգամ հրաժարվեցին իրենց «հալալ քրտինքով կառուցած» հյուրանոցները հատկացնել պարետատանը՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիների մեկուսացումն ապահովելու համար, թեեւ պետությունը դա ձրի չէր վերցնելու, լավ էլ վճարելու էր։ Այ սա է նրանց իրական դեմքը։ Այդ մարդիկ վրեժ են լուծում ոչ միայն իշխանություններից, այլեւ ժողովրդից, որն իրենց մերժել է, ու հիմա մի կողմ քաշված՝ չարախնդում են համաճարակի դեմ պայքարում բոլորի ջանքերի միավորման փորձերի վրա։ Որովհետեւ կոնկրետ այս դեպքում իսկապես մի կողմում համարյա բոլորն են, մյուս կողմում այդ 10-15 հոգին՝ իրենց մերձավորներով ու վարձկաններով։

Հ. Գ. Մի տեսակ հայտնի շիրմաքարի պատմության նման ստացվեց, որի վրա գրված էր «Ծնողներին՝ որդիներից, բացի Ժորիկից»։ Բայց ցավոք՝ իրականությունն է այդպիսին։ Իսկ մեծ հաշվով՝ այդ շիրմաքարն իրականում հենց պայմանական «Ժորիկի» շիրմաքարն է։ Ու մի կողմ քաշված չարախնդացողները լավ կանեն հիշեն սա՝ հետագայի համար։

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...