«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակցի կոշիկներում և գոտկատեղում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել
2020 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հ. Զ.-ին և կանխել վերջինիս կոշիկներում և գոտկատեղում թաքցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, ինչպես նաև շրջանառությունն արգելված բջջային հեռախոսների մուտքը քրեակատարողական հիմնարկ։
Մասնավորապես Հ. Զ.-ի կոշիկներում հայտնաբերվել է 120,29 գրամ ընդհանուր քաշով, թմրամիջոցների նմանվող նյութերով 7 փաթեթ, այդ թվում` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 6 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման հատիկավոր զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 6,1, 44,79 և 49,54 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ, 6,64 և 6,39 գրամ քաշերով անհայտ ծագման սպիտակ, կլոր 70 դեղահաբ, ինչպես նաև հաշիշի յուղի նմանվող, 10,7 գրամ քաշով շագանակագույն, քսուքանման զանգված։
Հայտնաբերվածի կապակցությամբ Հ. Զ.-ն հայտարարել է, որ դրանք պատրաստվել է փոխանցել քրեակատարողական հիմնարկի 1-ին տեղամասի երկու դատապարտյալի։
Դեպքի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հարուցվել է քրեական գործ, որը քննչական ենթակայության կարգով նախաքննություն կատարելու համար կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն։