28 երեխա, 4 հղի. Թորոսյանը մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի թեմայով
Կորոնավիրուսին առնչվող և հասարակությանը հուզող մի շարք թեմաների առնչությամբ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակված երեխաների թիվը 28–ն է, ինչպես նաև 4 հղի կա վարակված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կորոնավիրուսի թեմայով այս և այլ մանրամասներ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կորոնավիրուսով վարակված թե՛ երեխաների, թե՛ հղիների առողջական վիճակը լավ է։ Նրանց մեջ չկան ծանր վիճակում գտնվողներ։ Ի դեպ, երեխաների և հղիների տվյալները երեկ երեկոյի իմ ունեցած տվյալներն են»,–ասաց նախարարը։
Թորոսյանի խոսքով` նորածինը, որի մայրը կորոնավիրուսով էր վարակված, թեստավորվել է, և նրա մոտ վարակ չի հայտնաբերվել։ Կնոջ մոտ նույնպես երկրորդ թեստը բացասական է եղել։
Նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի ամբողջական վերացում առնվազն տեսանելի ապագայում չի լինելու։ Նա նշեց, որ իրենց խնդիրը վարակի աճի տեմպի նվազմանը հասնելն է։ Սա կբերի նրան, որ մարդիկ կբուժվեն, և նոր դեպքեր չլինելու պարագայում վարակը կվերանա։ Իհարկե, ըստ Թորոսյանի, սա շատ լավատեսական և ֆանտաստիկ սցենար է։
Հարցին , թե սահմանվել է հիվանդության շեմ, որից այն կողմ կորոնավիրուսով վարակվածներից միայն ծանր դեպքերը հիվանդանոցային բուժում կստանան, Թորոսյանը պատասխանեց, որ այս պահին Հայաստանը պատրաստ է վարակման 2000-2100 դեպք վարել միաժամանակ։ << Այս պահին 1700 մահճակալային ֆոնդ է առանձնացված կորոնավիրուսով վարակվածներից համար, ինչպես նաև ունենք 300-400 մահճակալներ հյուրանոցային համալիրներում։ Եթե դեպքերն այնքան ավելանան , որ այս շեմն անցնեն, միայն այդ ժամանակ մարդիկ կբուժվեն տնային պայմաններում>>, -ասաց Թորոսյանը` հավելելով , որ դա ցանկալի ելք չէ, քանի որ այդ պարագայում մեծանում է նրանց ընտանիքների անդամների վարակման հավանականությունը։