Կոտայքի մարզպետարանը հայտարարություն է տարածել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ազատման հիմքերի վերաբերյալ

Parzabanum

Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ազատման հիմք են հանդիսացել ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված կոպիտ խախտումները. Կոտայքի մարզպետարան: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մամուլում լայնորեն շրջանառվում է Կոտայքի մարզի «Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Սվետլանա Հովհաննիսյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ աղավաղված տեղեկատվություն, որը թյուրընկալման տեղիք է տվել, եւ անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով՝ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը հարկ է համարում պարզաբանել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Առողջապահության նախարարությունների, ինչպես նաեւ Առողջապահական եւ Աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ հանրակրթական դպրոցներում ՀՀ Առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով սահմանված՝ համապատասխան ջերմային ռեժիմը ապահովելու հետ կապված, սակայն տնօրենը, անտեսելով նշված գերատեսչությունների այսչափ կարեւոր հանձնարարականները, իր ղեկավարած դպրոցի տարբեր մասերում չի իրականացրել ջերմաչափումներ եւ անհայտ է, թե ջերմաստիճանի վերաբերյալ ամենօրյա պարբերականությամբ տրամադրվող ի՞նչ տվյալներ են ներկայացվել «ՀՎԿ ԱԿ» ՊՈԱԿ-ի «Կոտայք» մասնաճյուղ: Այս առնչությամբ Ս.Հովհաննիսյանին ներկայացված «Նկատողություն» կարգապահական առաջին տույժը գուցե աննշան թվար, եթե հետագայում դպրոցում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չգային առավել «կոպիտ» խախտումներ, որոնք առանցքային եւ որոշիչ նշանակություն են ունեցել տնօրենին պաշտոնից ազատելու հարցում, այդ թվում՝ 2018թ. օգոստոսի 31-ին դպրոցի տնօրենի հրամանով օպերատորի եւ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լ. Մանուկյանի (ով ի դեպ՝ տնօրենի դուստրն է) աշխատանքային պայմանագրերում կատարվել են փոփոխություններ: Լ. Մանուկյանի հետ կնքած պայմանագրում դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի հաստիքը փոխվել է օպերատորի հաստիքով, իսկ դպրոցի օպերատորը նշանակվել է որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ առանց համապատասխան որակավորում ունենալու՝ դրանով իսկ խախտելով Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման N 4 հավելվածի 6-րդ գլխի 3-րդ կետի պահանջը։ Կոտայքի մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ դպրոցի թվով հինգ ուսուցիչների հետ 2018, 2019 թթ. կնքվել են որոշակի ժամկետով պայմանագրեր՝ նախատեսված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի փոխարեն, ինչը հակասում է ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջներին: Սրանով խախտվել են տվյալ աշխատողների օրինական իրավունքները, որոնք հստակ ամրագրված են ՀՀ օրենքով: Վերոնշյալ կոպիտ խախտումներն էլ հանգեցրել են «Խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժի, ինչը անհամատեղելի է տնօրենի պաշտոնում նրա հետագա պաշտոնավարման հետ: Եվս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ մենք ապրում ենք օրինականության վերականգնման ժամանակներում: Ինչպես միշտ, այս դեպքում եւս, մեր քայլերը բացառապես օրենքի դաշտում են, եւ մենք առաջնորդվում ենք ՕՐԵՆՔԻ գերակայության եւ իրավահավասարության պահանջներով. այսուհետ եւս մեր բոլոր քայլերը միտված են լինելու երկրում անօրինականության բացառմանը: Ըստ այդմ՝ հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից: Ուզում ենք առանձնահատուկ ընդգծել, որ դպրոցի նախկին տնօրենի իրավունքն է՝ պաշտոնից ազատման որոշումը վիճարկել օրենքով սահմանված կարգով, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի մեր երկրում, սակայն հորդորում ենք՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ անհարկի գործողություններից»։

Ձեզ կհետաքրքրի...