Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա պատգամները
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա պատգամները։ Մնացականյանը խոսել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Իրականում, այս օրվա պատգամները շատ են: Առաջինը, որ 105 տարի անց արդեն ցեղասպանությունը վերապրածների չորրորդ-հինգերորդ սերունդներն են նույն վճռականությամբ պահանջում արդարություն: Մենք բոլորս՝ որպես մեկ միասնական ազգ, պահանջում ենք արդարություն, պահանջում ենք ճանաչում: Սա արտահայտում է ցեղասպանության այդ ոճրի խորությունը, մի ամբողջ ժողովրդի հասցված վնասի խորությունը, որովհետև ժխտված արդարությունը շարունակում է մնալ բավական խորը վերք և վնաս մի ամբողջ ժողովրդի համար»,- ասել է նախարարը։
Զոհրաբ Մնացականյանը երկրորդ պատգամը համարում է հայ ժողովրդի հաղթած լինելը։
«105 տարի առաջ ենթադրվում էր, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջված լիներ: Այսօր ինքնավստահ, իր քաղաքակրթությունը, պատմությունը, իր ուժը, իր կարողությունն ի ցույց դնելով աշխարհին, վերապրել ենք մենք ցեղասպանությունը, վերապրել ենք բոլոր այն տեղերում, որտեղ մեր հայրենակիցներն ապրում են, և վերապրել ենք մեզ մոտ, այստեղ՝ մեր հայրենիքում՝ ևս ստեղծելով մեր պետականությունը, վերականգնելով մեր անկախությունը»,- նշել է Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով` երրորդ կարևոր պատգամն այն է, որ պետականությունը չափազանց կարևոր գործիք է մեր ազգային ինքնությունը պաշտպանելու համար, և պետությունը, պետության հզորությունն ամենակարևոր, հզոր զենքերից մեկն են մեր ձեռքում:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։
Նորայր Շողիկյան
armenpress.am