Կամաց-կամաց խաղաքարտերը բացվում են.

xaxaqarter

Հայաստանի ընդդիմադիր շրջանակներն անասելի ոգեւորության մեջ են։ Հաշվի առնելով իշխանությունների՝ «թավշյա» մեթոդները փոքր-ինչ կոշտացնելու մտադրությունները, նրանք այսպես թե այնպես կտրուկ հակաքայլեր էին նախաձեռնելու, եւ հանկարծ հյուսիսից անսպասելի «օգնություն» ստացան։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե ղարաբաղյան կարգավորման հարցում այժմ ակտիվորեն քննարկվում են այն նախագծերը, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին, իսկ դրանք ենթադրում են խնդրի փուլային կարգավորում, ընդորում՝ «առաջին փուլում ենթադրվում է հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական ու այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»: Հասկանալի է, որ ընդդիմությունը չէր կարող չօգտագործել սա ու հարցը ներկայացնել այնպես, թե տեսեք՝ Հայաստանի իշխանությունները խաբում են սեփական ժողովրդին ու հայտարարում, թե բանակցությունների սեղանին որեւէ փաստաթուղթ չկա, մինչդեռ պարզվում է՝ լավ էլ կա ու «ակտիվորեն քննարկվում է»:

Որ սա լավ նվեր էր ընդդիմադիր շրջանակներին՝ վկայում է այն փաստը, որ ռուսական լրատվամիջոցները Լավրովի խոսքերը մեջբերելուց հետո անպայման «իրենց կողմից» ավելացնում են, թե իսկ ահա ՀՀ նախկին իշխանությունները հակամարտության փաթեթային կարգավորման կողմնակիցներ էին։ Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ իշխանությունները տարիներ շարունակ մադրիդյան սկզբունքները ներկայացնում էին որպես մեծ հաջողություն, մինչդեռ դրանցով նախատեսվում էր ազատագրված տարածքների վերադարձ, ընդորում՝ հենց առաջին փուլում (խոսք չկա, լավ «փաթեթային տարբերակ» է)։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։

ՀՀ ԱԳ նախարարն, իհարկե, արձագանքեց այս ամենին։ Ընդորում՝ շատ հստակ, առանց դիվանագիտական երկիմաստությունների: Իսկ մենք նկատենք, որ մասնագիտական շրջանակները տարբերում են բանակցություններն ու «ակտիվ քննարկումները», եւ ՌԴ արտգործնախարարը հենց քննարկումների մասին է խոսել, ոչ թե բանակցությունների։ Հայկական կողմը երբեւէ չի հրաժարվել կարգավորման սկզբունքները քննարկելուց, բայց վարչապետ Փաշինյանը տարբեր առիթներով հատուկ ընդգծել է, որ կոնկրետ սկզբունքների շուրջ բանակցություններ սկսելուց առաջ կողմերը պիտի հստակեցնեն, թե ինչպես են հասկանում այդ սկզբունքները։ Հասկանալի է, չէ՞, թե ինչի մասին է խոսքը։ Օրինակ՝ ադրբեջանական կողմը պիտի հստակեցնի, թե ինչ է հասկանում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք» ասելով։ Եթե նրանք դա հասկանում են այնպես, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է ինքնորոշվել ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն՝ խնդրեմ, եկեք բանակցենք, եթե նրանք գտնում են, որ այդ ինքնորոշումը պիտի լինի Ադրբեջանի կազմում՝ ուրեմն բանակցություններ վարելն անիմաստ է։ Ակնհայտ է, որ ՌԴ արտգործնախարարի նշած «ակտիվ քննարկումները» հենց այս հարցերի շուրջ են: Ընդորում՝ հավանականությունը, որ կարգավորման սկզբունքների ընկալման վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի մոտեցումները նույնական կլինեն, չնչին է։ Այսինքն՝ չնչին է նաեւ առարկայական բանակցությունների մեկնարկի հավանականությունը։

Բայց սա, իհարկե, չի խանգարի, որ նախկիններն ահավոր քարոզչական աղմուկ բարձրացնեն ու փորձեն այս ամենը ծառայեցնել իրենց ռեւանշիստական շահերին։

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...